5 օրից կլինի սպասված հանրաքվեն, հետևաբար «Այո»-ի ու «Ոչ»-ի քարոզարշավն էլ կամաց-կամաց մոտենում է ավարտին: Վերլուծելով երկու կողմերի կատարած քարոզչությունը կարող եմ ասել, որ իմ կարծիքով' ավելի լավ կլիներ ընդհանրապես քարոզչություն չանեին, այլ պարզապես ապահովեին Սահմանադրության նոր տարբերակի մաքսիմալ հասանելիություն, որպեսզի քաղաքացիներն ուղղակի կարդաին, ծանոթանային և իրենք անեին հետևություն՝ առանց որևէ կողմի կարծիքներ լսելու:

 

 

«Այո»-ի կողմնակից քաղաքացիներ այդ դեպքում միգուցե ավելի շատ կլինեին, քանի որ մարդիկ կտեսնեին նոր սահմանադրության դրական կողմերը և չէին առաջնորդվի Հանրապետական կուսակցության հանդեպ ունեցած իրենց բացասական վերաբերմունքով: Իսկ այս դեպքում «Այո»-ի քարոզչությունը միայն վնաս տվեց «ԱՅՈ»-ին, որովհետև հասարակական սեկտորի գործոնն այդտեղ գրեթե չկար կամ շատ փոքր էր, իսկ կուսակցականների արած քարոզչությունը չի կարող օբյեկտիվ ընկալվել: Նամանավանդ երբ քարոզչության մեջ առանցքային դեմքեր են հանդիսանում իշխող կուսակցության ներկայացուցիչները կամ պետական պաշտոն զբաղեցնողները, դա միմիայն ի վնաս է աշխատում, մի պարզ պատճառով. Հայաստանում իշխող կուսակցությունը հեղինակություն չի վայելում, պետական պաշտոն զբաղեցնողներին շատերը չեն վստահում: Արդյունքում «Այո»-ն ցավոք ընկալվեց որպես զուտ իշխանական «պռոեկտ», չնայած կարող էր բոլորովին այլ ընկալում ունենալ, եթե հանրային հարթակներ տրամադրվեին հասարակակն սեկտորի ներկայացուցիչներին:

 

 

«Ոչ»-ի քարոզարշավի մասին կարող եմ ասել նույնը, որ ավելի լավ է՝ այն չլիներ ուղղակի, որովհետև գաղափարապես «Ոչ»-ի կողմնակիցներն ավելի լավ կհիմնավորեին իրենց «Ոչ»-ը, եթե չլինեին անորակ և աբսուրդային տեսահոլովակները, ծիծաղ առաջացնող էմոցիոնալ և պաթետիկ ելույթները՝ արդեն բազմիցս ձախողված ընդդիմադիր գործիչների կողմից: Ասեմ ավելին՝ նման գործիչների առկայությունը կարող է հենց մի խումբ «Ոչ»-ականների դրդել դիտմամբ «Այո» քվերակելու, ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ խորհրդարանական կառավարման գաղափարի կողմնակից մի շարք ընդդիմաիդրներ այսօր «Ոչ» են ասում, որովհետև իրենց երազած համակարգի անցնելու առաջարկողը Սերժ Սարգսյանն է: Անիմաստ էմոցիաներին տրվելու փոխարեն «Ոչ»-ականներն, օրինակ, կարող էին աշխատանքներ տանել այն ուղղությամբ, որ տեղամասային հանձնաժողովներում իրենց համար հատկացված բոլոր տեղերի համար գտնեին անդամներ, որպեսզի վերահսկեին գործընթացը, իսկ արդյունքում «Ժառանգության» կողմից՝ 245, և ՀԱԿ-ի կողմից՝ 118 տեղամասային հանձնաժողովներում, չկատարվեցին նշանակումներ:
Համեմատության կարգով թերևս միակ, քիչ թե շատ հաջողված նախագիծը՝ «Այո և Ոչ» ռեալիթի-շոուն էր, որն էլ հետաքրքիր էր միայն առաջին օրերին: Այնպես որ կարող էր ընդհանրապես քարոզարշավ չլինել, և պատկերը միգուցե ավելի լավը կլիներ:

 

 

Կարեն Վարդանյան