Ընտրությունից ընտրություն՝ Հայաստանում քաղաքականությունը պարտվում է՝ տեսանելի հարթության մեջ:

 

 

Երբ իշխանությունն ընտրություն է կեղծում, դրանից օգտվում է մի քանի մարդ՝ պաշտոնը պահպանելով ու իրենց համար փող լափելու նոր հորիզոններ նվաճելով: Հասարակ ընտրողների համար' կեղծված ընտրությունը պատճառ է դառնում, որ գոնե այդ պահին օտարվեն պետությունից' այն գիտակցական կամ ենթագիտակցական համոզումով, որ պետական լիազորություններով օժտված են մարդիկ, ովքեր դրա քաղաքական, բարոյական իրավունքը չունեն:

 

 

Իշխանությունները սպանում են մարդկանց հավատն այսօրվա հանդեպ, ընդդիմությունն էլ սպանում է մարդկանց հավատն ապագայի հանդեպ, երբ իր անիրական խոստումներով ձևավորում է դրական սպասման միջավայր' հետո հիասթափեցնելով փոփոխությունների չհասած հազարավոր քաղաքացիների:

 

 

Սահմանադրական փոփոխությունների շարունակվող քարոզարշավը վերջնականապես բացահայտեց, որ մեզանում քաղաքականությունն անդառնալի պարտություն է կրել:

 

 

Իշխանությունների քարոզչական թեզերը, համակարգային փոփոխությունների մասին երդումները մարդկանց ծիծաղն են առաջացնում, որովհետև նույն այդ իշխանության ամենահավատարիմ հենարանները շարունակում են մնալ օլիգարխներն ու քրեական հեղինակությունները:

 

 

Ընդդիմությունն էլ մարդկանց չկարողացավ համոզել, թե դեկտեմբերի 6-ի «Ոչ»-ն ինչպես է դառնալու գործող իշխանությանը հեռացնելու շարժում:

 

 

Մարդիկ տեսնում են, որ ունենք չբարեփոխվող իշխանություն ու անզոր ընդդիմություն ու որոշում են քվեարկել ոչ քաղաքական մոտիվներով:

 

 

Դեկտեմբերի 6-ին «Այո»-ն հաղթելու է, սակայն դա լինելու է ոչ թե քաղաքականության, այլ փողի հաղթանակը, զոռբայության հերթական հաղթանակը մարդու հանդեպ, ում տեղամաս տարան ոչ թե քաղաքականությունն ու ծրագրերը, այլ' հինգ-տասը հազար դրամները:

 

 

Սուրեն Սուրենյանց