Թուրքիայի Այդին քաղաքի դատարանը որոշել է «Մատանիների տիրակալը» եռագրությունից Գոլլումի կերպարի փորձաքննությունն անցկացնել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ պերսոնաժի հետ համեմատելու գործով զբաղվող դատավորներից ոչ մեկը չի տեսել ֆիլմը, հաղորդում Today’s Zaman-ը:

 

 

Փորձաքննությունը հանձնարարվել է երկու գիտնականներից կազմված աշխատակազմին` երկու մասնագետների:

 

 

Թուրք բժիշկ Բիլգին Չիֆչիին պաշտպանող կողմը պնդում է, որ Գոլլումը բացասական կերպար չէ, և նրա հաճախորդը որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել:

 

 

 

Հոկտեմբերի 25-ին Չիֆչին մեղադրվել է պետության ղեկավարին վիրավորելու մեջ, այն բանից հետո, երբ նա Twitter-ում հրապարակել էր Էրդողանի և Գոլլումի լուսանկարները՝ զարմանքի և ուրախության նույն դեմքի արտահայտություններով (հետագայում թվիթը ջնջվել է): Բժշկին սպառնում է երկու տարվա ազատազրկում: Առաջադրված մեղադրանքներից հետո նրան հեռացրել են Առողջապահության ազգային ինստիտուտից:

 

 

BBC News-ի տվյալներով՝  2014 թ.-ի օգոստոսից 2015 թ.-ի մարտ ամիսներին ընկած ժամանակահատվածում Էրդողանին վիրավորելու համար մեղադրանքներ են առաջադրվել 105 մարդու: