ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի մոտ նկատվում է վարկանիշի կտրուկ անկում՝ կապված նախընտրական շրջանում նրա կողմից թույլ տրված հայտնի արտահայտությունների հետ: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Համլետ Մոսինյանը: «Մարդը էնքան չի շփվել ժողովրդի հետ, որ ամեն մի հանդիպման ժամանակ մի որեւէ արտակարգ դեպք է կատարվում՝ կամ ծաղրում է կամ գոռում է… Ասում է՝ էս եմ խփելու, էն եմ խփելու, այսինքն' ինչքան, ինչ ուզենամ՝ անելու եմ, էդ ամեն ինչը արձագանքվում է եւ հակառակ էֆեկտն է տալիս: Դա խոսում է այն մասին, որ ինքը, 5 տարվա ընթացքում մարդկանց հետ չշփվելով, հիմա շփվում է, բորբոքվում է: Մարդկանց հետ նա շփվում է պալատական ենթակաների միջոցով, մեկ-մեկ էլ՝ սրբագրված խոսքերով…հիմա հենց մտնում է ժողովրդի հետ, իրան կորցնում է ու թույլ է տալիս լի՜քը չեպեներ»:

Համլետ Մոսինյանի կարծիքով հիմա Սերժ Սարգսյանն անհապաղ հոգեբանի կարիք ունի, հակառակ դեպքում՝ նա շարունակելու է ավելի շատ նյարդայնանալ եւ ավելի շատ սխալներ թույլ տալ:

«Ընտրարշավների ժամանակ այլ զարգացած երկրներում ոչ միայն հագուստի մասնագետ են վերցնում, ոչ միայն անվտանգության աշխատակից, այլեւ՝ հոգեբան: Ինքը վաղուց պետք է ունենար հոգեբան կամ թեկուզ բժիշկ. հեշտ աշխատանք չէ երկիր ղեկավարելը: Բացի դա, շրջապատված է մարդկանցով, որ հակացուցված են: Օրինակ՝ հիշեք Եռաբլուրում ո՞վ առաջինն արձագանքեց՝ Լֆիկ Սամոն, նա ո՞վ էր, որ առաջինը արձագանքեր, որ իրա կողքին լիներ: Լֆիկ Սամոն ո՞վ է որ Սերժ Սարգսյանի հետ տրիբունայում նստի ու ֆուտբոլ նայի, որ Հայաստանն էլ տեսնի, թե իր երկրի նախագահի կողքին ով է: Պարզ է, որ այսպիսի պահերին նման մարդկանց հետ նստել-վեր կենալը նրա համար վատ է:

Էն անգամ էլ, հիշում եմ՝ 2008-ին, նման բան էր ասել եղբայրը՝ Սաշիկը՝ «ինչքան տեսանք, կխփենք»… Սաշիկն էր ասել, թերթերը սաղ գրում էին, ու ոչ մեկին չասին որտեղ եք լսել, դա սխալ է»:

Քրիստինա Մկրտչյան