Շուրջ երկու տարի կմենամարտեմ և կթողնեմ մենամարտը: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

«Բեռլինի չեմպիոն մրցանակը մեծ պատիվ է. 4-րդ անգամ դարձա Բեռլինի լավագույն մարզիկ: Երբ Հայաստանից գնում ես Գերմանիա և գերմանացիների մեջ դառնում ես չեմպիոն, մեծ պատիվ է»:

Խոսելով քաղաքական իրադարձությունների մասին՝ Աբրահամը նշեց. «Քաղաքական անցուդարձով մի փոքր հետաքրքրվել եմ, երբ մենամարտում եմ, այնքան էլ չեմ տեղեկացվում: Քաղաքականությունում չկամ, սպորտով եմ զբաղվում: Հասարակ մարդ եմ՝ ինչպես բոլորը, քաղաքականությամբ չեմ զբաղվում»:

«Երևի երկու տարի կմենամարտեմ ու արդեն կթողնեմ մենամարտը և զբաղվեմ նորմալ կյանքով: Կարոտում եմ տանը լինելուն, տարվա մեծ մասն անցկացնում եմ հյուրանոցներում: Մշտապես դժվար կլինի Հայաստանում ապրել կարիերաս ավարտելուց հետո: Բայց այստեղ կգամ՝ հոգեպես հանգստանալու»,- հավելեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնը:

Բռնցքամարտիկը խոսեց նաև Հայաստանի բռնցքամարտով իր հետաքրքրվածության մասին.

«Սպորտի դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Զբաղվածության պատճառով շատ ժամանակ չեմ գտնում աշխատանքների համար: Միշտ հետաքրքրվում եմ հայկական բռնցքամարտով: Կարծում եմ՝ որպես բռնցքամարտիկ պարտավոր եմ հետաքրքրված լինել: Այստեղ եմ պարապել, մեր հավաքականում եմ կարիերաս սկսել: Մեծ փորձ եմ ձեռք բերել: Մեր բռնցքամարտը լավ վիճակում է: Փոքր պետություն ենք, 3 միլիոն մարդ կա, և մեդալներ ենք նվաճում, դա մեզ համար մեծ բան է, իսկ Գերմանիայում ապրում է 80 միլիոն մարդ, մի մեդալ էլ չի նվաճում»: