Կեղծարարությունը, հանցագործությունները շարունակվում են: Այն, ինչն տեսել եք դեկտեմբերի 6-ին, ավելի վատը կատարվում է հիմա օկրուգային հանձնաժողովներում, կենտրոնական հանձնաժողովներում, այլ պետական մարմիններում: Այս մասին այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, օրվան նվիրված երթից առաջ Ազատության հրապարակում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

«Հիմա փորձում են իրենց կեղտը լվալ, փորձում են այն այլանդակությունները, որոնք տեղի ունեցան ամսի 6-ին, փորձում են մաքրել: Էն լցոնումները, էն ուրիշի փոխարեն քվեարկելը, բոլոր խախտումները պետք է մաքրել: Մենք ուրիշ ճար չունենք, բացի պայքարելը, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Ոչ մի ղեկավար, թագավոր, խան երբեք իր ժողովրդի իրավունքները չի պաշտպանում: Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է: Աշխարհում կա քաղաքակրթություն, որ հասարակությւոնը պայքարում է: Երբեք չմտածեք, որ ինչքան էլ մեր երկիրը կործանվի, մեկա սրանց խփելն ա փրկելու»,- ասաց պատգամավորը:

 

Արամ Մանուկյանի կարծիքով՝ միակ ճանապարհը պայքարել է. «Աշխարհն արդեն շուրջ 50 տարի այս օրը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ես բոլորիդ վստահության, հույսի, պայքարի շարունակության էներգիա եմ ուզում տալ և նույնն ուզում եմ ստանալ ձեզնից: Մենք այսօր նշում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ այն դեպքում, երբ ոտնահարված է, բռնաբարված է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ պետք է մեկ վայրկյան հետ քաշվենք պայքարից»:

 

Մանուկյանը ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին և նշեց, որ իրենք պաշտպանելու են անխտիր բոլորի իրավունքները. «Շարունակելու ենք միասին պաշտպանել մեր իրավունքները և բոլոր այն մարդկանց իրավունքերը, ովքեր անգամ այստեղ չեն: Անգամ այն հանցագործների իրավունքները, վերջին խոսքի իրավունքը, որոնք իրականացնում են էս հանցագործությունը մեր երկրում: Մեկ է՝ պատասխանելու են: Երկու ձև կա պատախանատվության՝ ժամանակը և արդարությունը, էլ չեմ ասում, որ Աստված պատժի, թող Աստված էլ իր բաժինը տա: Թող ինչ արել են էս ժողովրդի գլխին, իրանց երեխեքի գլխին գա, որովհետև իր ժողովրդի գլխին այսպիսի անեծք սարքել, այսպիսի այլանդակություն սարքել չի կարելի»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: