Շարունակեմ ներկայացնել «ազգընտիրներին», որոնցից այսօր կախված է մեր բարօրությունը: Այսօրվա մեր հերոսը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է:

 

Բաբայանի մասին նախ սկսեմ դրականից՝ նա ծառայել է բանակում՝ ի տարբերություն շատերի: Դրականն այսքանն էր, անցնեմ մնացածին: Մնացածը, ցավոք՝ ինչպես բոլոր մյուս երիտկուսակցականների դեպքում. ուսանող ժամանակ եղել է ուսխորհրդի նախագահ, իսկ հետո սկսվել է կուսակցական գործունեությունը, այն էլ՝ հարուստ ու բազմազան: Բազմազանության հարցում Վահան Բաբայանը դժվար թե մրցակից գտնի, որովհետև այս մարդը 10 տարվա մեջ 4 կուսակցություն է փոխել:

 

Սկզբից «Հանրապետություն» կուսակցության երիտթևի ղեկավարն էր 2001-ից 2006-ին, չնայած իր կենսագրականներում Բաբայանն աշխատում է չնշել այդ մասին: Բայց դե որքան էլ չնշի՝ ի վերջո բոլորը իմանում են: Օրինակ երբ անացած տարի Վահան Բաբայանը մի առիթով քննադատեց իր նախկին ղեկավար Արամ Զավենի Սարգսյանին՝ նրա վարած քաղաքականությունն անվանելով «անհեռատես», մեղադրանքին հրապարակավ արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդր անդամ Լյովա Եղիազարյանը, ով Արամ Զավենի Սարգսյանի հետ 5 տարի ճանապարհ անցած Վահան Բաբայանին հիշեցրեց 2006թ. վերջինիս կողմից Արամ Սարգսյանին գրված նամակի մասին, որի բովանդակության հրապարակումը հասկանալի է, որ Բաբայանի օգտին չէր լինի: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալուց հետո Բաբայանը «168 ժամ» թերթին իր քայլը բացատրել էր նրանով, որ ինքը իբրև թե հիասթափված է ընդդիմությունից և զգացել է, որ իր նպատակներն ու գաղափարները «Հանրապետություն» կուսակցությունում անկատար են մնում:

 

Կարելի է ուրեմն ենթադրել, որ Բաբայանը բավականին լուրջ նպատակներ ու գաղափարներ ուներ, իսկ թե որոնք էին դրանք և ինչպես իրականացրեց՝ կհասկանանք շուտով, երբ ամբողջությամբ կներկայացնեմ Վահան Բաբայանի «ոդիսականը»: Ուրեմն «Հանրապետությունից» դուրս գալուց հետո նա անմիջապես մտավ Հայաստանի երիտասարդական կուսակցություն, որի նախագահ Սարգիս Ասատրյանն, ըստ մամուլի հրապարակումների՝ հետագայում Մոսկվայում ձերբակալվել էր ինչ-որ թմրանյութերի գործով: Այստեղ նույնպես իր համար ապագա չտեսնելով, սակայն դառնալով այդ կուսակցության ղեկավարը՝ Բաբայանն իր ղեկավարած կուսկացությունով մտնում է ՄԻԱԿ կուսակցության կազմի մեջ, որը իշխանամետ էր և հայտարարել էր Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ընդ որում, Բաբայանը 2010թ. լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը Հայաստանի երիտասարդական կուսակցությունը կայացրել էր դեռ մինչև ՄԻԱԿ մտնելը:

 

Այսինքն, այս փուլով կարելի է ենթադրել, որ Վահան Բաբայանի գաղափարը Սերժ Սարգսյանին աջակցելն էր, սակյան քիչ անց կտեսնենք, որ դա էլ այդպես չէ: Իսկ ո՞րն էր նրա ծրագիրը: Ելնելով նրանից, որ Վահան Բաբայանը ՄԻԱԿ-ում էլ երկար չմնաց, կարող ենք հետևություն անել, որ այստեղ էլ ծրագիրը չիրականացրեց: Ուրեմն Վահան Բաբայանի հետքերով գնանք դեպի հաջորդ կուսակցություն:

 

Հաջորդ կուսկացությունը, որը առայժմ Բաբայանի վերջին հանգրվանն է՝ ԲՀԿ-ն էր, որի համամասնական ցուցակով 2012-ից վահան Բաբայանը դարձավ ԱԺ պատգամավոր: Հիմա տեսա՞ք, թե որն էր Բաբայանի ծրագիրը: Նա ուղղակի ուզում էր պատգամավոր դառնալ:

 

Իսկ այ գաղափարը, որը սկզբից կարող էր թվալ, թե իշախանական թիմում հայտնվելն ու Սերժ Սարգսյանին աջակցելն էր, պարզվեց՝ այդքան էլ այդպես չէ, իսկ ավելի պարզ ասած՝ այդ գաղափարն այդպես էլ չգտնվեց, որովհետև դա էլ Վահան Բաբայանի մոտ փոփոխական է, ինչպես կուսակցությունները: Նա կարող է կարող է լինել ընդդիմադիր, իշխանամետ, հաճախ փոխել իր դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Օրինակ, ԲՀԿ-ի «այլընտրանք» եղած ժամանակ Վահան Բաբայանի ելույթներչը արմատական ընդդիմադիրի ելույթներ էին հիշեցնում: Նա ոչ միայն սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին, այլ նույնիսկ կոչ էր անում ընդդիմությանը և հ/կ-ներին՝ միավորվելու, միասնական շտաբ ստեղծելու և անվտահություն հայտնելու կառավարությանը: Զուգահեռ երիտկուսակցական Բաբայանը ոգևորվել էր ակտիվիստական շարժումներով և քիչ էր մնում պատգամավորից վերածվեր ակտիվիստի, բայց երևի շատ էր աշխատում ու նյարդերը տեղի էին տալիս, որովհետև անցած տարի մի հեռուստահաղորդման ժամանակ ուղղակի չդիմացավ և սկսեց բղավել իր օպոնենտների վրա:

 

Բաբայանի սուր ընդդիմադիր կեցվածքն էլ ունեցավ իր ավարտը, ինչը կապված էր սահմանադրական փոփոխություններին ԲՀԿ-ի «Այո» ասելու հետ Հիմա նա այլևս ընդդիմադիր չէ, նույնիսկ ընտրակեղծիքներն էլ չի նկատել: Ահա այսպիսի գաղափարներ ու ծրագրեր, ահա այսպիսի սկզբունքայնություն ունեցող մարդիկ են որոշում, թե մենք ինչպես ապրենք:

 

Վերջում մի փոքր փաստավավերագրական անդրադարձ Վահան բաբայանի խորհրդարանական գործունեությանը: 3 տարվա ընթացքում նա ընդամենը 2 անգամ է հանդես եկել նախաձեռնությամբ, 5 անգամ ելույթ է ունեցել, 13 անգամ հարց տվել և արդեն իր անվան դիմաց հասցրել է գրանցել 93 բացակայություն: Մի սովորական հիմնարկում սովորական աշխատողին այդքան բացակայությունների համար երևի վաղուց աշխատանքից հեռացրած կլինեին, իսկ այս դեպքում խոսքը երկրի օրենսդիր մարմնի մասին է, որտեղ մեր ճակատագիրն է տնօրինվում: Ու մարդիկ բացակայում են՝ որքան ուզում են: Բայց աշխատավարձ ստանում են:

 

Շարունակելի...

 

 

Կարեն Վարդանյան