Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի՝ Անկարայի գրասենյակի վրա անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարձակման հեղինակները կրակել են ընթացքի մեջ գտնվող մեքենայից:

 

Կատարվածի հետևանքով 5-6 փամփուշտ դիպչել է շինությանը, կոտրվել են ապակիներ: Տուժողներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ովքեր ուսումնասիրություն են սկսել կրակոցների վայրում:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները սեպտեմբերի 6-ին առաջին հարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ն երկայացվել է խեղաթյուրված ձևով: Ցուցարարները կոտրել էին շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր էին նետել: