«Առայժմ ոչինչ չկա, ընդամենը հնչել են հայտարարություններ, որոնք պարզապես հանրության ուշադրությունը շեղում են ընտրական գործընթացներից», -168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որի՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ իրականացրած անձինք կապ են ունեցել մեկ այլ թեկնածուի՝ Վարդան Սեդրակյանի հետ:

Հարցին, թե պատահականությո՞ւն է, որ երկու ձերբակալվածները (իսկ այսօր տեղեկատվություն տարածվեց նաև երրորդ անձի մասին) կապ ունեն Վարդան Սեդրակյանի հետ, Արման Մելիքյանը պատասխանեց, թե լրատվական դաշտը զբաղված է ընտրությունների անօրինականությունը քողարկող և հանրության ուշադրությունը շեղող տեղեկատվություն տարածելով: «Այս ամենն ուղղակի հավելյալ ինտրիգ է հաղորդում: Սա ուղղակի զվարճալի դեդեկտիվի պես մի բան է, որը տեղի է ունենում հանրության աչքի առաջ, որը գուցե և իրականության հետ որևէ կապ չունի»,- ասաց Ա. Մելիքյանը:

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ կարևորն ընտրությունների օրինականության հարցը լուծելն է, որը հնարավոր էր անել, եթե իշխանությունները հրապարակեին ՀՀ-ից հեռացած ընտրողների ցուցակը: Մինչ օրս, սակայն, Արման Մելիքյանի պահանջը չի բավարարվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ կրկին մերժել է Արման Մելիքյանի այս դիմումը: «Պահանջս մերժեց՝ առանց լուրջ հիմնավորման, այսինքն՝ ԿԸՀ-ն իր առջև դրված խնդիրն՝ առանց լուրջ հիմնավորման, ջրեց»,- ասաց Մելիքյանը:

Հարցին, թե արդյոք թեկնածուն ԿԸՀ իր դիմումի էջը վերջնականապես փակված համարո՞ւմ է, Արման Մելիքյանը պատասխանեց, թե ինքը որևէ էջ փակված չի համարում, և դեռ անելիքներ ունի մինչև քվեարկության օրը: