Մի քանի օր առաջ, երբ Ժիրայր Սէֆիլյանն ասում էր՝ մարտավարական սխալներ են թույլ տվել, ըստ էության' ակնարկում էր, որ այլևս չի հավատում իրենց իսկ խոստացած հեղափոխությանը:

 

«Նոր Հայաստան» միավորման առաջնորդի այս հայտարարությունն ուղեկցվեց քաղաքական կոնկրետ քայլերով՝ Ազատության հրապարակում նստացույցը փոխարինվեց անհասկանալի հերթապահությամբ, որոշվեց այցելել մարզեր, վերանայել կոնկրետ գործողությունների ժամկետները և այլն:

 

Հատկապես մարզային անօրակարգ այցերը հուշում են, որ հենց խորհրարանական ընտրություններն են նաև «հեղափոխականների» ժամանակացույցի հիմնական հանգրվանը: Իհարկե, այստեղ էլ գործ ունենք բացահայտ ֆալսստարտի հետ, որովհետև նսխընտրական բնույթի այդ հանդիպումները շատ շուտ են անցկացվում՝ մսխելով քաղաքական, կազմակերպչական այն էներգիան, որի անհրաժեշտությունն օդի ու ջրի պես զգացվելու է մեկ տարի անց:

 

Մյուս կողմից՝ «Նոր Հայաստանն» ավելի շատ հավակնոտ անուն է, վիրտուալ կատեգորիա, քան կոնկրետ կառույց, ինստիտուտ, ու, թերևս, շարժման առաջնորդները մարդկանց հավաքագրելու, իրենց շարքերը համալրելու խնդիր ունեն: Նույնիսկ այս առաքելության իրականացման պատեհ ժամանակ չի գտնվել, որովհետև հասարակության ընկալման մեջ Րաֆֆին ու Ժիրոն տապալել են հեղափոխության հերթական փորձը:

 

«Նոր Հայաստանի» առաջին կանգառը Սյունիքն էր, ու ակնհայտ դարձավ, որ միավորումն ունի նաև որոշակի ասելիքի դեֆիցիտ ու հույսը դրել էր այն հանգամանքի վրա, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդիկ կխանգարեն հանդիպումները: Հյուրերի հույսերը մասամբ արդարացան, ու մարդիկ այս հանդիպումներից հիշելու են միայն այն, որ Զարուհի Փոստանջյանը վիրավորում էր Սյունիքի մարզպետին, իսկ վերջինիս կողմնակիցներն այրում էին կին պատգամավորի լուսանկարով խիտվիլակը՝ չնայած կենդանի Զարուհին իրենց դիմաց կանգնած էր:

 

ՀԱԿ-ում էլ հեղափոխության չեն հավատում, նույնիսկ չեն հավատում ՍԴ-ում հանրաքվեի արդյունքները վիճարկելու հնարավորությանը, բայց հետևողականորեն այս թեման իրենց համար «բրենդային» են դարձնում՝ խորհրդարանական ընտրարշավում այն օգտագործելու համար:

 

Ընդունենք, որ ՀԱԿ-ի մարտավարությունն ավելի արդյունավետ է. Լևոն Զուրաբյանը դարձել է լրահոսի հերոս, իսկ «հեղափոխականների» մասին հիշում են Սուրիկ Խաչատրյանի ստվերում:

 

Օբյեկտիվորեն մտել ենք մի փուլ, որ ընդդիմադիրներն ավելի շատ պայքարելու են միմյանց, քան իշխանությունների դեմ:

 

Հեղափոխությունն ավարտվեց՝ դեռ չսկսված, տրվել է քվեի համար դաժան պայքարի մեկնարկը:

 

Սուրեն Սուրենյանց