Հերթական «ազգընտիրը», ով հիմա կարժանանա մեր ուշադրությանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ներկա պահին անկուսակցական Ռուստամ Գասպարյանն է: Ինչպես նախորդ մեր «հերոսի» դեպքում, այս դեպքում էլ եմ ուզում սկսել դրականից: Ռուստամ Գասպարյանը 1989 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին, ապա, 1994-2000-ին ՀՀ բանակում զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ: Կոչումով գնդապետ է: Ռուստամ Գասպարյանը պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով: Անշուշտ, հայրենիքին բազմաթիվ ծառայություններ մատուցած, արցախյան պատերազմում անհերքելի ավանդ ունեցող այս մարդու՝ իրավամբ հերոսական անցյալը՝ անկախ նրա ոչ հերոսական ներկայից, միշտ էլ արժանի է մնալու գովասանքի:

 

Իսկ հիմա անցնեմ արդեն ոչ հերոսական ներկային. 2007թ.-ից Ռուստամ Գասպարյանը ԱԺ պատգամավոր է, կարճ ասած՝ քաղաքականության մեջ է: Ինչպես շատ այլ ազատամարտիկների դեպքում, նույնպես չի կարողանում զերծ մնալ տարբեր խաղերի և ինտրիգների մեջ ներքաշվելուց:

 

Լինելով ԵԿՄ անդամ, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հայտնի վատացումից և ԲՀԿ-ի «այլընտրանք» դառնալուց հետո, արդեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը կարծես թե իր համար նպատակ է դարձնում ընդդեմ ԵԿՄ-ի ստեղծել մրցակից կառույցներ:

 

Հետաքրքիրն այն է, որ ի սկզբանե Գասպարյանն ազատամարտիկներին միավորող կառույց էր ուզում ստեղծել իր կուսակից Ռուբեն Գևորգյանի հետ միասին, սակայն, արդյունքում, չգիտես ինչու, նրանցից յուրաքանչյուրն առանձին ստեղծեց իր միությունը. Ռուբեն Գևորգյանը՝ «Երդվյալ ազատամարտիկների միությունը, Ռուստամ Գասպարյանը՝ «Ազատամարտիկների դաշինքը», որի անդամներ էին հանդիսանում իրենց ընդդիմադիր կեցվածքով արդեն աչքի ընկած որոշ ազատամարտիկներ: Սա այն պահն էր, երբ ԲՀԿ-ն ոչ իշխանական «եռյակի» անբաժան մասն էր և արդեն նույնիսկ երկրում իշխանափոխության ձգտելու ակնարկներ էին անում, փաստորեն, միևնույն ժամանակ էլ Ռուստամ Գասպարյանը փորձում էր ազատամարտիկներին համախմբելով իր շուրջը՝ ուժեր մոբիլիզացնել: Բայց ամեն ինչ փոխվեց, «եռյակը» փլուզվեց, Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, ԲՀԿ-ն մնաց առանց ֆինանսական ռեսուրսների, և Ռուստամ Գասպարյանն էլ, իհարկե, մոռացավ իր «հայրենասիրական» ծրագրերի մասին: Նախ ինքը՝ Գասպարյանը, անմիջապես լքեց ԲՀԿ-ն՝ փաստացի դառնալով «առնետավազքի» մասնակիցներից մեկը, որից հետո, ինչպես և սպասվում էր, իր ստեղծած ազատամարտիկների կառույցն առ այսօր այդպես էլ աչքի չընկավ որևէ ակտիվությամբ, նույնիսկ շատերը պարզապես մոռացան նման կառույցի գոյության մասին: Ու թեպետ արդեն սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանում կառույցի անդամ որոշ ազատամարտիկներ «Ոչ»-ական դիրքորոշում ունեին, սակայն ինքը՝ արդեն անկուսակցական Գասպարյանը, նույնիսկ խուսափեց որևէ դիրքորոշում հայտնելուց: Ահա այսպիսինն էր Ռուստամ Գասպարյանի «սկզբունքայնության» պատմությունը քաղաքականության մեջ:

 

Ինչ վերաբերվում է պատգամավոր Ռուստամ Գասպարյանի օրենսդրական գործունեությանը, ապա այն նույնպես չի համապատասխանում օրենսդիրից պահանջվող չափանիշներին: Ողջ պատգամավորական գործունեության ընթացքում Գասպարյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ, ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, նույնիսկ հարց չի հնչեցրել, իսկ քվեարկություններից բացակայել է 171 անգամ:

 

Բնականաբար, սա օրենսդիր գործունեություն անվանելը դժվար կլինի, ի տարբերություն Ռուստամ Գասպարյանի զինվորական կարիերայի՝ քաղաքականը որևէ գովասանքի տեղ չի թողնում:

 

Շարունակելի...

 

Կարեն Վարդանյան