Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի ինքնագրիչը վնասվածքներ ունի, գրանցված թռիչքային տեղեկատվության արտագրումը կիրականացվի հատուկ սարքավորման օգտագործմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի օդատիեզերակա ն ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովը:

 

 

«Հաշվի առնելով, որ կուտակիչը կորպուսի վնասվածքներ ունի, թռիչքային տեղեկատվության արտագրումը կիրականացվի հատուկ սարքավորման օգտագործմամբ… Մինչ այժմ այդ կուտակիչի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, և նա գտնվում է այն վիճակում, որով հայտնաբերվել է օդանավի անկման վայրում»,- զինվորականի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

 

 

Դրոնովը նշել է, որ Սու-24-ի կործանման հետաքննությանը, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչի կողմից նոյեմբերի 24-ին խփվել է սիրիա-թուրքական սահմանում, համաձայնել են մասնակցել Չինաստանի և Մեծ Բրիտանիայի մասնագետները:

 

 

Դրոնովի ելույթից հետո հանձնաժողովի ներկայացուցիչները լրագրողների ներկայությամբ բացել են ինքնաթիռի ինքնագրիչը:

 

 

Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի տեղակալ Սերգեյ Բայնետովը, տեղեկատվության կուտակչի տեխնիկական վիճակի գնահատումից հետո մասնագետները ձեռնամուխ կլինեն երկրորդ փուլին՝ հիշողության մոդուլի ապամոնտաժմանը:

 

 

Ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ խոցված Սու-24-ի «սև արկղի» տվյալների վերծանման արդյունքները կներկայացվեն դեկտեմբերի 21-ին: