Մոսկվայում այսօր մեկնարկող՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայտարարություն է արվելու ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, նաև քննարկվելու են հարաբերություններն Ուկրաինայի և Թուրքիայի հետ: Պարզ է, որ Ուկրաինայի և Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է քննարկվեին այստեղ, որովհետև Ուկրաինան և Թուրքիան խնդիրներ ունեն ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի հետ: Բայց չէ՞ որ ՀԱՊԿ անդամ է նաև Հայաստանը, որի համար բավականին լուրջ խնդիրներ է փորձում ստեղծել հարևան Ադրբեջանը: Եվ այստեղ առնվազն տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Ադրբեջանի հարցը չի քննարկվելու նստաշրջանում և ինչո՞ւ առ այսօր ՀԱՊԿ-ի կողմից գոնե հայտարարության տեսքով որևէ միջամտություն չի եղել հայ-ադրբեջանական հակամարտությանը, մանավանդ որ սահմանին արդեն տանկեր ու հրետանի է կիրառվում: Այսինքն՝ ՀԱՊԿ կոչվող կառույցի անդամները նույնպե՞ս չունեն հավասար կարգավիճակ, որովհետև ստացվում է, որ մեկի խնդիրները կարևոր և օրակարգային են, իսկ մյուսինը՝ նույնիսկ չեն արժանանում ուշադրության:

 

Հայաստանի իշխանությունների համար կարծես թե սովորույթ է դարձել տարբեր միությունների անդամ դառնալը՝ ոչ շահավետ, ավելի ստորադաս կարգավիճակով, և դա ներկայացնելը որպես ձեռքբերում: Ասեմ, որ լավ սովորույթ չէ, և յուրաքանչյուր նման դեպք հերթական անգամ ցույց է տալիս, որ մեր արտաքին քաղաքականության մեջ գերակշռում են ձախողումները:

 

 

Կարեն Վարդանյան