ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգույի հետ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ռուսական զենքի մատակարարումները շատ կարևոր են Հայաստանի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Շնորհակալ եմ Ձեզ այն հսկայական օգնության համար, որ ցուցաբերել եք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական նշանակության մի շարք արտադրանքների մատակարարման գծով: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար»,- ասել է Օհանյանը:

 

Նրա գնահատմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս խոսել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: «Պետք է ասեմ, որ Ձեր ջանքերի, ռուսաստանցի զինվորականների՝ մեր բարեկամների ջանքերի շնորհիվ 2015 թվականն առանձնահատուկ էր: Ռազմական համագործակցության բոլոր միջոցառումները կատարված են»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը' հավելելով, որ «նման հագեցած ծրագիր, ինչպիսին Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև է, դեռ չէր եղել»: