ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կաթոլիկական Սուրբ ծննդի նախօրեին հորդորել է հիշել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հալածվող քրիստոնյաներին և մյուս դավանանքների ներկայացուցիչներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մերձավոր Արևելքի առանձին շրջաններում, որտեղ եկեղեցական զանգերը Սուրբ ծննդին ղողանջել են դարեր շարունակ, այս տարի կլռեն, այդ լռությունն այն գազանությունների ողբերգական վկայությունն է, որոնք ԻՊ-ի կողմից կատարվել են այդ համայնքների նկատմամբ»,- հայտարարել է նախագահը:

 

Ուստի անհրաժեշտ է «հիշել, որ մեր եղբայր քրիստոնյաներից շատերը չեն օգտվում Սուրբ ծնունդը դիմավորելու իրավունքից, մեր սրտերում ու մտքերում պահել նրանց, ովքեր իրենց հայրենի տներից վտարվել են աներևակայելի բռնությունների ու հալածանքների պատճառով», հավելել է Օբաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: