Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրենքի նախագիծ է ներկայացրել մեջլիսին, որով առաջարկվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սեփական հայրենիքը բռնի կերպով լքած հայերին ու նրանց մինչև 4-րդ սերունդներին տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Օրենքի նախագծում մասնավորապես առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն տրամադրել Առաջին աշխարհամարտի սկսվելուց ի վեր Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմաններն ընդգրկող տարածքներում բնակվող բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բռնի կերպով աքսորվել են, տեղահանվել կամ զրկվել են Թուրքիայի քաղաքացիությունից և հիմա ողջ են, կամ նրանց մինչև չորրորդ սերնդի ներկայացուցիչներին: Այսինքն, այն կանդրադառնա Հայոց ցեղասպանության, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին տուժած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորապես հայերին, ասորիներին, հույներին:

 

Առաջարկվում է, որ քաղաքացիությունից դուրս եկածները պետք է դիմեն «այն ժամանակվա անձնագրերով», «եկեղեցու, սինագոգի կամ պաշտամունքային այլ վայրերից մեկի պաշտոնական գրանցման», «փոքրամասնությունների հիմնադրամների կամ այլ առնչվող կազմակերպությունների պաշտոնական գրանցման» մասին փաստաթղթերով, ինչպես նաև այն երկրի կողմից արված արձանագրությամբ, որտեղ նշվում է, որ տվյալ մարդը գաղթել է Թուրքիայից: