Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 6-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արամ Կարապետյանի դիակը:

 

Նույն օրը, ժամը 02.30-ին, ոստիկանությունում մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Արմեն Խ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Մուսալեռ գյուղում գտնվող ռեստորանային համալիրում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է Արամ Կարապետյանին և հրազենային վնասվածք պատճառել Արմեն Խ.-ին:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տ/չ 3 պարկուճ և 1 գնդակ:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը՝ 1984 թ. ծնված Արթուր Բաբայան, 1973 թ. ծնված Արմեն Պառավյան, 1984 թ. ծնված Խորեն Խաչիկյան (պարզվել է, որ ռեստորանային համալիրում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել):

 

Պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են ևս երկու անձինք, որոնց ինքնությունը պարզելու և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: