Հունվարի 6-ին' Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում' Մայր Տաճարում Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սուրբ Պատարագին ներկա էին պետական բարձրաստիճան այրեր' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ: Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, պատարագին ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողություն: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի գնդապետ Ջալալ Հարությունյաի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ և ՊԲ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին: