Լավ է իհարկե, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և ԱՄՆ կոնգրեսի արտաքին հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը: Այսինքն՝ ոչ թե լավ է, այլ նորմալ է, քանի որ Ուորլիքը լուրջ պաշտոն է զբաղեցնում, և ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող միջոցառումներ ու քննարկումներ կազմակերպելն իր աշխատանքն է, պարտականությունը, որը նա պետք է կատարի ու նաև այդ մասին հանրությանը պետք է մշտապես տեղեկացվի: Չէ՞ որ մենք էլ իրավունք ունենք իմանալու, թե ինչ բանակցություններ են գնում այս պահին, կոնկրետ ինչի մասին, ինչ փուլում են գործընթացները, որ պատկերացում կազմենք իրավիճակի ու սպասելիքների մասին: Այնինչ, դրա փոխարեն մենք լավագույն դեպքում կարող ենք գուշակություններ, եզրակացություններ անել Ուորլիքի թվիթերյան գրառումներից, որոնք լավագույն դեպքում 1-2 նախադասություն են, այն էլ՝ շատ անորոշ ձևով գրված:

 

 

Իսկ ինչո՞ւ, օրինակ, հնարավոր չէ մի նորմալ ասուլիս տալ կամ հանդես գալ նորմալ մեկնաբանությամբ, հոդվածով: Վերջիվերջո քննարկվում է այնպիսի հարց, որը կոնկրետ Հայաստանի հանրությանը հետաքրքրող կարևորագույն թեմաներից է, և ոչ միայն Հայաստանի: Ստացվում է, որ նման պաշտոնյաները փող են ստանում միան Թվիթերում երկու տողանոց գրառումներ անելո՞ւ համար...

 

 

Այնինչ, Ռոյսի առաջարկն իրականում շատ կարևոր էր և դրա ընդունումն ու կյանքի կոչելը առաջին հերթին կբխի հենց Հայաստանի շահերից, դրա շնորհիվ միջազգային կառույցները հրադադարի խախտումների մասին խոսելիս այլևս հավասարության նշան չեն դնի Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա կդառնա ադրբեջանական ագրեսիան զսպող մեխանիզմ: Բայց այսօր մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ փուլում, ինչ վիճակում է այդ առաջարկի քննարկումը, որքանով է հավանական, որ այն կյանքի կկոչվի: Կարծես թե՝ միտումնավոր ուզում են ամեն ինչ պահել անորոշության մեջ:

 

 

Կարեն Վարդանյան