Bleacher Report.com-կայքն անդրադարձ է կատարել վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Հենրիխ Մխիթարյանին, ում հետ պայմանագրի երկարաձգումը Դորտմունդի «Բորուսիայի» համար առաջնային խնդիր է համարվում:

«Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած տպավորիչ խաղն աննկատ չի մնում: Kicker պարբերականը ֆուտբոլիստին տվել է ավանդական վարկանիշային աղյուսակի ամենաբարձր տեղը: Այս վարկանիշն արտացոլում է 26-ամյա ֆուտբոլիստի խաղի վերափոխումը:

Սա նաև անհանգստանալու տեղիք է տալիս, քանի որ նրա խաղամակարդակը բարձրակարգ ակումբների «ախորժակն է բացում» և «Բորուսիայում» նրա ապագայի վերաբերյալ մտահոգություն է առաջացնում: Այժմ Մխիթարյանը ոչ միայն ակումբի կարևոր ֆուտբոլիստներից է, այլև բազմամիլիոնանոց երկրպագուների բանակի կողմից առավել հարգված ֆուտբոլիստներից մեկը:

2017թ-ին ավարտվող պայմանագրով Մխիթարյանը դորտմունդյան թիմի այն ֆուտբոլիստների շարքում է, ում հետ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը' մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կհամաձայնի նոր պայմանագիր կնքելուն: Եթե Մխիթարյանը շարունակի խաղալ այնպես, ինչպես մրցաշրջանի առաջին հատվածում, ապա ամռանը նրա տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն կհայտնեն շատ ակումբներ:

Կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան ավելորդ անհանգստություն առաջացրեց երկրպագուների և ակումբի ներկայացուցիչների մոտ, երբ հայտարարեց, որ 50%-ով հնարավոր է նրա տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս»: Եթե սա նույնիսկ տակտիկական քայլ էր, որպեսզի դորտմունդցիներին ստիպի բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը, այսպես թե այնպես, գերմանական ակումբն ամռանը պետք է պայքարի, որպեսզի ֆուտբոլիստին պահի իր թիմում:

Եթե Մխիթարյանը վերջին վեց ամսվա պես շարունակի խաղալ, ապա բոլոր հնարավորությունները կունենա ցանկալի թիմում խաղալու համար: Նա արագ պահեր է ստեղծում, գոլեր է խփում, լավ է և՛ իր, և՛ թիմի համար, նաև ուշադրություն է դարձնում պաշտպանությանը: Այս ամենն անում է շքեղ, ինչն ուրախացնում է նույնիսկ այն երկրպագուներին, ովքեր առանձնապես երբեք չեն եղել Մխիթարյանի խաղի երկրպագուն:

Ընդհանուր առմամբ, զարմանալի չի լինի Մխիթարյանին դորտմունդյան թիմում տեսնել նաև 30 տարեկանում: Երկրպագուները, սակայն, պետք է զուսպ լինեն սպասելիքների մեջ, քանի որ մեծ հավանականություն կա, որ նա կգերազանցի դորտմունդյան ակումբին (ինչպես եղավ Լևանդովսկիի դեպքում) և այնուամենայնիվ 2017/18թթ. կտեղափոխվի այլ ակումբ: Ինչ էլ որ լինի, Դորտմունդի երկրպագուները չպետք է մտահոգվեն. Հենրիխ Մխիթարյանը հայտնի է իր նվիրվածությամբ և դորտմունդցիների կազմում հանդես գալու մինչև վերջին օրը ջանասիրաբար կաշխատի»: