Այսօր' 2016թ. հունվարի ութին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:

 

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը: Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել անօրինականությունները:

 

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

 

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

 

ՀՀ զինված ուժերում ծառայելը հայրենի եզերքի և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է և հայ ժողովուրդը անվերապահորեն սատարում է հանրապետական նշանակության այս միջոցառմանը: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին' նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ:

 

Անվտանգ ծառայություն հայրենիքի պաշտպաններին: