ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Նորամարգ գյուղի բնակիչ Վալերի Մուսայելյանի սպանության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ավազակությամբ զուգորդված սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 29-ամյա բնակչի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2015 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Ս. Գալստյանից ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկում դիակ կա:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ, և նշված տանը հայտնաբերել նույն տան բնակիչ, 1946թ. ծնված Վալերի Մուսայելյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով:

 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով:

 

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը զուգորդված է եղել գույք հափշտակելու դիտավորությամբ ավազակային հարձակմամբ:

 

Վ. Մուսայելյանը բնակվել է միայնակ և զբաղվել հողագործությամբ: Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 04:00-04:30-ի սահմաններում, համագյուղացի երիտասարդներից մեկը գույք հափշտակելու նպատակով մտել է Մուսաելյանի տուն, բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, և պահանջել գումար: Վ.Մուսայելյանը դիմադրել է, որից հետո երիտասարդը դանակով 13 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին։

 

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը տանը գումար է փնտրել, սակայն չի գտել, ապա տեսնելով, որ տանտերը փորձում է գետնից բարձրանալ՝ վառարանի մոտից վերցրել է փայտ և հարվածել գլխին: Տեսնելով, որ նա անշարժացել է՝ հեռացել է դեպքի վայրից:

 

Դեպքի վայրում կատարվել է զննություն, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել դատաբժշկական, մատնանդրոշմային փորձաքննություններ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է, 29 տարեկան։

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր՝ 2016թ. հունվարի 11-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

 

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։