Բաքվում դոլարի և եվրոյի վաճառքը գործնականում դադարեցվել է. կիրակի օրվանից փոխանակման բոլոր կետերը փակ են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ բանկերը արտարժույթ չեն վաճառում, չնայած ցուցանակներում ձևականորեն նշված են Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքները:

 

Նշվում է, որ արտարժույթ հնարավոր չէ հանել նաև պլաստիկ քարտերով: Անգամ քարտերով արտարժույթ հանելու դիմաց 4 տոկոս միջնորդադրամ սահմանվելուց հետո բանկոմատներում հնարավոր չէ դոլար և եվրո հանել:

 

«Գործնականում արտարժույթի շուկան երկրում կաթվածահար է: Արտարժույթի հետ կապված իրարանցման պատճառով շարունակվում է բոլոր ապրանքների՝ այդ թվում պարենի և ծխախոտի գների աճը: Ներկրողները, ձգտելով ապահովագրել ռիսկերը, բարձրացնում են գները»,- հաղորդում է «Թուրան»-ը՝ նշելով, որ դրա հետ կապված աշխուժացել է «սև շուկան», որտեղ դոլարը վաճառվում է 1,9-2 մանաթով, իսկ եվրոն՝ 2-2,1 մանաթով:

 

Ադրբեջանի ԿԲ-ի կողմից հունվարի 8-ին սահմանված պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ ԱՄՆ-ի մեկ դոլարը հավասար է 1,5642 մանաթի, 1 եվրոն՝ 1,7009 մանաթի: Այդ փոխարժեքները պաշտոնական են հայտարարված նաև հունվարի 11-ի համար: