Փաստորեն, Ազգային վիճակագրական ծառայությունն, այնուամենայնիվ, 2015-ի դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի համեմատ 1,7 տոկոս գնաճ է արձանագրել: Իսկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասում էր, թե 10 տեսակի ապրանքի գնանկում կա՝ մինչև 30-40 տոկոս, այդ թվում՝ ալյուրի և ձվի: Բա այդ ինչպե՞ս ստացվեց, որ ապրանքների գները 30-40 տոկոսով իջնում են, բայց ընդհանուր առմամբ 1,7 տոկոս գնաճ է: Այդպես կարող է լինել այն դեպքում, երբ, ասենք, 10 տեսակի ապրանքի գներն իջնում են, բայց դրա փոխարեն մոտ 100 տեսակի ապրանքի գները՝ բարձրանում: Բայց ՏՄՊՊՀ-ն սիրում է հայտարարել միայն իջեցված գների մասին՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում: Իսկ բարձրացվածնե՞րը...

 

 

Եվ սա այն դեպքում, երբ վարչապետը կարգադրել էր ՏՄՊՊՀ-ին հետևողական լինել, որպեսզի տարեվերջին գնաճ չլինի, ՀՀԿ-ական պաշտոնյաներն էլ ամեն առիթով ասում էին, թե թեև այս տարի չհաջողվեց աշխատավարձեր ու թոշակներ բարձրացնել, սակայն դրա փոխարեն այլ միջոցներով է թեթևացվում ժողովրդի սոցիալական բեռը...

 

 

Ի՞նչ թեթևացման մասին կարող է խոսք լինել, եթե փաստացի գնաճ կա, բայց չկա բնակիչների եկամուտների ավելացում: Դա՝ մի կողմից: Մյուս կողմից էլ՝ մանավանդ ձմեռային ամիսներին քաղաքացիների ծախսերն ավելի են շատանում կոմունալ վարձերի հաշվին, որովհետև էլեկտրաէներգիայի դիմաց քաղաքացիները վճարում են 49 դրամ 1կվ/ժ-ի համար, այլ ոչ թե 42, ինչպես խոստացել էր կառավարությունը: Ու կառավարությունը շատ լավ էլ գիտեր, որ եթե 42 դրամ վճարելու համար էլեկտրաէներգիա օգտագործելու վերին սահմանը ամսական 250կվ/ժ-ն է սահմանել, ապա ձմեռային ամիսներին պարզապես անհնար է սահմանվածից ավել էլեկտրաէներգիա չօգտագործելը, արդյունքում՝ բոլորը վճարում են 49 դրամով: Սա ևս մեկ խաբեություն կառավարության կողմից:

 

 

Փաստորեն, թե՛ ապրանքների, թե՛ էլեկտրաէներգիայի գների առումով կառավարությունն առ այսօր մեզ միայն խաբում է: Ազնիվ չէ, պարոնայք, այսպես աշխատելով կարժանանաք միայն և միայն ժողովրդի անվստահությանը և հակակրանքին: Չե՞ք կարողանում լավ աշխատել՝ փորձեք ձեր ուժերը այլ բնագավառներում, չե՞ք ուզում հրաժարվել ձեր աշխատանքից՝ ուրեմն գոնե ժողովրդին մի խաբեք:

 

 

Կարեն Վարդանյան