Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերության վերլուծաբանների կարծիքով' մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանում թանկացումների դեմ սկսված զանգվածային բողոքի ակցիաները, որոնք գնալով ավելի մեծ մասշտաբներ են ընդունում, կարող են ապակայունացնել այդ երկիրը, մեծ ցնցումններ առաջացնել, եւ ամեն բան կախված կլինի նրանից, թե Ադրբեջանում ներկայիս իրադրության վրա ինչպիսի ազդեցություն կգործի միջազգային հանրության արձագանքը:

 

Մեկնաբանելով թանկացումների դեմ Ադրբեջանի շրջաններում ծավալվող զանգվածային բողոքի ակցիաների պատճառները, ամերիկյան ընկերության վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ մյուս նավթարդյունահանող երկրները ներկայում կրում են նավթի գների անկման հետեւանքները, երկրում մեկ տարվա ընթացքում հարկադրված ազգային արժույթի երկու արժեզրկում է տեղի ունեցել, զգալիորեն դանդաղել է տնտեսական աճը:

 

«Եթե նավթի գները շարունակեն իջնել, ինչի արդյունքում տնտեսական դժվարություններն ավելի կխորանան, ապա Ադրբեջանն ապահովագրված չէ անկայունութունից, այսինքն' բողոքի նոր ակցիաներից», -գտնում է Stratfor-ը:

 

Stratfor-ի վերլուծաբանները գտնում են, որ եթե բողոքի ակցիաները տարածվեն մնացած շրջաններում, Ադրբեջանը կբախվի վերջին 10 տարիներին ամենալուրջ սոցիալական եւ քաղաքական ճնշմանը:

 

Նրանց կարծիքով' եթե ադրբեջանական անվտանգության ուժերը ավելի ագրեսիվ մարտավարություն ընտրեն կամ բախումներ տեղի ունենան ոստիկանության եւ բողոքավորների միջեւ, ապա հնարավոր չի լինի հանգցնել բողոքի տրամադրությունները եւ կանխել մեծ ցնցումները:

 

Stratfor-ը գտնում է, որ Ադրբեջանում ներկայիս իրավիճակի վրա որոշակի ազդեցություն կգործի նաեւ միջազգային հանրության արձագանքը, որն, անկասկած կհետեւի, քանի որ «եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի, եւ Թուրքիայի, եւ Իրանի մոտ ռազմավարական հետաքրրքություն կա Ադրբեջանում»:

 

Վերլուծական նյութում միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները ներկայում լարված են, քանի որ Ադրբեջանը մեղադրում է ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու մեջ: Stratfor-ի վերլուծաբանները գտնում են, որ առաջիկա շաբաթներին պարզ կդառնա, թե Ադրբեջանում ներկայիս իրադրությունն ինչպես կփորձեն օգտագործել արտաքին խաղացողները: