Համացանցում տարածվել է ադրբեջանական մի լուսանկար, որում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է՝ հեռադիտակով նայելիս: Լուսանկարը ստացված է 2015թ. պատրաստված ադրբեջանական մի տեսանյութից, որը գովազդում է Ադրբեջանի բանակը, նաև հատվածներ ցույց տալիս զորավարժությունից:

 

Փաստացի, այդ տեսանյութն ադրբեջանական բանակի գովքն է՝ հիացական տոնայնությամբ, և այդ գովքի կիզակետում իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկու դիտակ ունեցող հեռադիտակով հետևում է զորավարժության ընթացքին, սակայն հեռադիտակի դիտակներից մեկը փակ է, բացված չէ: Եթե մտածենք, որ իրենց բանակի հրամանատարը միտումնավոր է այդպես արել, որովհետև մեկ աչքով ավելի հարմար է դիտել՝ տրամաբանական չի լինի, որովհետև դրա համար գոյություն ունեն մեկ դիտակով հեռադիտակներ, և չեմ կարծում, թե ամբողջ ադրբեջանական բանակում նմուշի համար գոնե մեկ հատ մեկ դիտակ ունեցող հեռադիտակ չկար, որ տային նախարարին: Ամենայն հավանակությամբ՝ սա կիքս է, իսկ եթե վերցնենք ընդգծված պաթոսով ու իրենց «չեղած» բանակի գովքն անող այս տեսանյութի կոնտեքստի մեջ՝ խայտառակ կիքս է: Ընդ որում, այս կիքսը հիանալի բնութագրում է ադրբեջանական բանակի ողջ էությունը, մարտունակությունը, որակը: Եթե նման ողորմելի ու ծիծաղելի վիճակի մեջ է հայտնվում բանակի հրամանատարը, ապա ի՞նչ կարող ենք ասել այդ բանակի զինվորների մասին:

 

Այնպես որ քանակային առավելությունը ոչինչ չի նշանակում, երբ չկա որակ: Եվ դա արդեն շատ լավ երևաց արցախյան ազատամարտում, երբ հայկական բանակից քանակով 3 անգամ ավելի ադրբեջանական բանակը խայտառակ պարտություն կրեց: Նույնը սպասվում է նրանց հետագայում, եթե հանկարծ սխալմամբ փորձեն անցնել լայնամասշտաբ գործողությունների:

Սա նաև խոսում է մեր ոչ բարով քոչվոր հարևանների որակական հատկանիշների մասին ընդհանրապես: Եթե երկրի պաշտպանությունն այս վիճակում է, ապա այլ ոլորտներից նույնպես որակ ակնկալելն անիմաստ է: Ու պատահական չէ, որ նավթադոլարների վրա հիմնված՝ Ադրբեջանի տնտեսությունն ընդամենը մեկ ցնցումից արագ կերպով փլուզվեց, քայքայվեց, երկիրը հայտնվեց պայթյունավտանգ իրավիճակում:

 

Կարեն Վարդանյան