Թբիլիսիում H1N1 վիրուսից, որը հայտնի է նաև որպես խոզի գրիպ, մահվան առաջին դեպքն է գրանցվել այս տարի: Այդ մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության նկատմամբ հսկողության ազգային կենտրոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Կենտրոնի տվյալներով՝ վիրուսից մահացել է 39-ամյա մի տղամարդ: Հիվանդը Թբիլիսի էր հասցվել Վրաստանի արևմտյան շրջանից:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես պնդում են մասնագետները, ներկա փուլում Վրաստանում համաճարակի սպառնալիք չկա: «Մենք հիվանդությունների աճ ենք սպասում փետրվարին, թեև ոչ այնպիսի աճ, որը մեզ կմոտեցնի համաճարակի սահմանին»,- նշում են բժիշկները:

 

H1N1 վիրուսով հիվանդանալու դեպքեր Վրաստանում գրանցվում են 2009 թվականի հուլիսից: Մինչ օրս երկրում դրանից մահացել է 39 մարդ: Իսկ ընդամենն արձանագրվել է այդ վիրուսով հիվանդանալու՝ լաբորատոր ճանապարհով հաստատված 567 դեպք: