Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։ Այս օրերին հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ կոնսիլիումներ են կազմակերպվում։ Ցավոք, ոչ միշտ է հնարավոր լինում հասնել արդյունքի։

 

Տեղեկացնում ենք, որ, չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների գրեթե տասնօրյա տքնաջան պայքարին, կիրակի արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին՝ ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն։

 

Նշենք, որ վերջին 6 տարում' 2009-2014թթ., Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին' պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։ Այս տարի նախարարության բազմաթիվ հորդորների շնորհիվ բարձրացել է մարդկանց զգոնությունը, և հատկապես վերջին օրերին մարդիկ սկսել են բժշկական օգնության դիմել հիվանդության ավելի վաղ շրջանում։ Պայմանավորված այն հանգամանքով, որ գրիպը հակում ունի որպես բարդություն ծանր ընթացքով թոքաբորբ առաջացնելու' առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր հիվանդները:

 

Այսօվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար: