Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Նիստը նախահագում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը:

 

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատական պրոցեսը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու մասին: Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ռազմաբազայի տարածքում նաև խախտվում են Պերմյակովի իրավունքները, քանի որ վերջինս գտնվում է վանդակում, ինչը հակասում է եվրոպական բոլոր չափորոշիչներին:

 

Սահակյանը նշեց, որ ռազմաբազայի տարածքում դահլիճի անհարմարության պատճառով խաթարվում է ինչպես լրագրողների, այնպես էլ դատավորի աշխատանքը՝ հաշվի առնելով, այսպես կոչված, խորհրդակցական սենյակի անհարմարությունը: Միջնորդության հետ համամիտ էին նաև մյուս փաստաբանները: Մեղադրյալ Վալերի Պերմյակովն էլ նշեց, որ իր համար տարբերություն չկա:

 

Ընդմիջումից հետո դատավոր Հարություն Մովսիսյանը կրկին հարց ուղղեց մեղադրյալին՝ կապված դատական նիստը Գյումրիի ռուսական ռազմաբազայից ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու հետ: Եթե ընդմիջումից առաջ Պերմյակովը այս հարցին պատասխանել էր, որ «իր համար միևնույն է», ապա ընդմիջումից հետո նա նշեց, որ ռազմաբազայում «ինքն իրեն ավելի հարմար ու ապահով է զգում»: Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ դատական նիստը ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու մասին: Փաստաբան Սաքունցը հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ ժամանակ խնդրելով, որպեսզի իրենց կողմից ձևակերպվի դատավորի և դատախազի նկատմամբ բացարկի միջնորդությունը: Դատարանը հայտարարեց 40 րոպե ընդմիջում: