ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ՝ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Այս մասին տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը:

 

«Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ Եվրամիության համար: Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին լուրջ մտահոգության առարկա է: ԵՄ-ն վերստին զսպվածության կոչ է անում և վերահաստատում իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին' ուղղված հակամարտության կարգավորմանը: Այն խրախուսում է ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով երկխոսության իրականացումը»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ՝ ընդգծելով, որ Եվրամիությունն առաջիկայում էլ պատրաստակամ է աջակցել խաղաղարար առաքելություններին: