-Սերժ Սարգսյանն այսօր շրջապատված է մարդկանցով, որոնք իրենց գոյությամբ իսկ վարկաբեկում են նրան ու բացասաբար ազդում թեկնածուի' առանց այն էլ գոյություն չունեցող վարկանիշի վրա,- galatv.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և վարկանիշի հնարավոր անկման մասին, ասաց քաղաքական մեկնաբան Արման Գալոյանը: Նա որպես օրինակ բերեց իբր 150 հազար դրամ աշխատավարձ ապահովող աշխատատեղերի պատմությունը. «Այս քարոզարշավի ընթացքում հենց Ս.Սարգսյանի մտերիմ շրջապատն անհարմար դրության մեջ դրեց նրան, մասնավորապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիշում եք' Ս.Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ նա բոլորի ներկայությամբ վստահեցրեց, որ Չինաստանից ներկրված ավտոբուսները վարելու համար անհրաժեշտ են վարորդներ, որ 150 հազար դրամ աշխատավարձ են խոստանում: Պարզվեց' այս ամենը փուչիկ էր: Ու այսքանից հետո Ս.Սարգսյանը փոխանակ պատժի Տ.Մարգարյանին' իրեն ժողովրդի աչքի առաջ ամենավերջին երեխայի նման խաբելու, խայտառակելու համար, ընդհակառակը՝ հետևություններ չի անում և անգամ թույլ է տալիս, որ Տ.Մարգարյանը շարունակի իրեն ուղեկցել նախընտրական հանդիպումներում: Չէ՞ որ այդ ամենը սիրուն չէ»,- նշեց նա:

Գալոյանի խոսքերով՝ այս ամենի մեջ սարսափելին մեկ այլ հանգամանք է. այսօր այդ նույն անձիք Պավլիկ Մառոզով են «խաղում», ողջ հոգով ու սրտով պաշտպանում Ս.Սարգսյանին, բայց երբ օրը գա, նրանք առաջինն են «թռնելու» իշխանության խորտակվող նավից, ինչպես եղավ ժամանակին նախկին իշխանությունների դեպքում: Արման Գալոյանն ուշադրություն է դարձնում նաև մեկ այլ հանգամանքի վրա, որն իր կարծիքով պակաս կարևոր չէ: Գալոյանի խոսքերով՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի շրջապատը, այլև ինքը' թեկնածուն է սեփական

պահվածքով վարկաբեկում իրեն: «Հենց ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան՝ Ս.Սարգսյանը հայտարարեց. «ուզում ես 100-ից 90, 80.70, թե 60 խփեմ»: Նույն Ս.Սարգսյանն էր Տավուշում գյուղացուն «բացատրում». «էդպես եք անում, որ խիյարը թարս է աճում»: Սա էլ հո իր շրջապատը չէր. ոչ Սաշիկն էր այդ պահին նրա կողքին, ոչ Լֆիկը , ոչ Նեմեցը: Սա էլ անձամբ ինքը' Սերժ Սարգսյանն է ասում: Ահա սա է նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած անձի կերպարը, ահա այդպես է նա խոսում, երբ ձեռքի տակ չունի իր համար գրված ելույթները»,- ասաց նա' շեշտելով, որ այս թեկնածուն ժամանակին ավարտել է ԵՊՀ բանասիրության բաժինը: «Թե որքանով է այդ բառապաշարը հարիր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու հայտ ներկայացրած անձին, ենթադրեք ինքներդ: Ինքներդ էլ եք տեսնում, որ իրոք, սիրուն չէ»:

Քրիստինա Մկրտչյան