Հայաստանն Իրանի հետ գազի մատակարարման հարցով բանակցություններ այս պահին չի վարում: Իրանի և Հայաստանի միջև այդ հարցով լուրջ բանակցություններ երբեք չեն էլ վարվել: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Իրանի դեսպանի կողմից երբեք չի եղել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ, ինչպես գրում են որոշ թերթեր»,- նշեց Զախարյանը:

 

Նախարարը հավելեց, որ այսօր էլ Իրանը չի առաջարկում ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: «Մենք գիտենք, թե Իրանն ում ինչ գնով է գազ մատակարարում: Մենք տիրապետում ենք ողջ տեղեկատվությանը: Թող ձեզ չթվա, մենք այստեղ նստած ինչ-որ այլ բաներով ենք զբաղված: Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում»,- հավաստիացրեց նախարարը: