ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել:

 

2016 թվականի հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» կայարանից դեպի Թևոսյան փողոց տանող կամրջի վրա մի երիտասարդ, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 թվականի հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Բացի այդ, 2016 թվականի հունվարի 19-ին Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել՝ 18-ամյա որդու անհետ կորելու վերաբերյալ, որի կապացությամբ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել:

 

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա երիտասարդը, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգել էր հայրը։

 

Երիտասարդը հունվարի 20-ին հայտնաբերվել է և նույն օրը ձերբակալվել՝ առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: