Այս մրցաշրջանում մենք կրկին հիացնում ենք մեր ցուցադրած ֆուտբոլով: Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Կարծում եմ՝ հիանալի է, որ կարողացա այդքան գոլ խփել և գոլային փոխանցումներ կատարել: Բայց ոչ միայն ես, այլև ողջ թիմն է հիանալի ֆուտբոլ խաղում: Այս մրցաշրջանում մենք կրկին հիացնում ենք մեր ցուցադրած ֆուտբոլով: Կարծում եմ՝ դա այդպես էլ կշարունակվի: Մոտ ապագան թիմի համար կարող է իսկապես լավ դասավորվել: Ինքս լավատեսորեն են տրամադրված և ամեն ինչ կանեմ՝ ողջ ուժերս դաշտում ներդնելու համար»:

Այն հարցին, թե որտե՞ղ է տեսնում «Բորուսիային» ապագայում և ի՞նչ է սպասում թիմից, Մխիթարյանն ասել է. «Ես կցանկանայի մեզ տեսնել ամենավերին բարձունքում: Իսկապես, այն ֆուտբոլով, որը ցուցադրում ենք, արժանի ենք լինել նվազագույնը երկրորդ տեղում: Կպայքարենք նորից Չեմպիոնների լիգա դուրս գալու համար: Կրկին ցանկանում ենք խաղալ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում, իսկ Եվրոպայի լիգայում գնալ այնքան առաջ, որքան հնարավոր է»:

Այն նկատառմանը, թե կրկին խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը հնարավոր է լքի թիմը, Մխիթարյանը նշել է. «Դրանք ընդամենը խոսակցություններ են: Շշուկներ»: