Հայաստանում անցնող շաբաթ հասարակության ուշադրության կենտրոնում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումն ու դրա հետևանքները: Քաղաքական շրջանակներում սկսեցին խոսել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման հնարավորության մասին։ Գյումրիում շարունակվեց մեկ տարի առաջ Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրակա նացրած Վալերի Պերմյակովի դատավարությունը, սահմանին կրկին լարված էր, առաջադեմ Եվրոպան ոգեկոչեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցը, տեղի ունեցան նաև Սիրիայի հակամարտության հետ կապված որոշակի զարգացումներ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

 

Ներքին հասարակական-քաղաքական անցուդարձ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվեցին Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները։ Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմ յանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ): Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար: Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին և Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը հետագա համագործակցության ձևաչափի քննարկումներին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ ՄինասյանըԽ Ըստ նրա՝ համագործակցության տարբեր հնարավորություններ կան: «Ես չեմ բացառում, որ տարբեր կուսակցություններ կօգտագործեն այդ տարբեր հնարավորությունները: Իսկ թե քանիսը կլինեն դրանք' մեկը, երկուսը, թե երեքը, կորոշվի ապագայում: Ի սկ այդ համագործակցությունը կլինի կոալիցիայի, թե մեկ այլ ձևաչափով, դուք կիմանաք առաջիկայում»,- ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը: Հարցն արծարծեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա, անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՅԴ-ն կոալիցիայի է գնում նախարարական պորտֆելներ ունենալու համար, ընդգծեց, որ 1-2 նախարարական պորտֆելներով հնարավոր չէ ինչ-որ լուրջ ծրագրեր իրականացնել, և եթե մի քաղաքական ուժ համաձայն է մյուս քաղաքական ուժի վարած քաղաքականության հետ, ապա կարող է գնալ համագործակցության առանց պորտֆել ուզելու: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ խոսքը գնում է քաղաքական համագործակցության մասին, որը միտված է քաղաքական և տնտեսական կայունության ապահովմանը. և ՀՀԿ-ն վստահում է բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք վքեր փորձում են համագործակցության կոչով հանդես գալ։

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում կատարվեց պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ: Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ զինվորներին հղած շնորհավորական խոսքում նշել է.« Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր Զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք մեր Հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնի: Վստահ եղեք, որ ձեզնից առաջ ծառայողների, նաև, անշուշտ, մեր նահատակված զինվորականների վաստակը լինելու է այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն»:

 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում H1N1-ը չի հանդիսացել որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ, և հավելեց, որ հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 600 երեխա, որոնց մեկ քառորդը հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբով։

 

ՀՀ առողջապահության նախարարությսւնը հայտարարեց, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների գրեթե տասնօրյա տքնաջան պայքարին, կիրակի արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին' ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Գերատեսչության տվյալներով՝ 2009-2014թթ. Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին' պայմանավորված սեզոնային գրիպով հիվանդաց ության աճի հետ։ Հանրապետության հիվանդանոցներից հունվարի 18-ին սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը' երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ, հունվարի 19-ին՝ 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որոնցից 41-ը' երեխաներ են եղել։ Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստացել 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ' թոքաբորբ է։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան: Հունվարի 21-ին դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը' մինչև 18 տարեկան։ Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը' երեխաների։ Եվ հունվարի 22-ին դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը' մինչև 18 տարեկան), իսկ 109-ը' թոքաբորբով (57-ը' մինչև 18 տարեկան)։

 

Ինչ վերաբերում է Արցախում վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեպքերին, ապա հունվարի 20-ի դրությամբ Արցախի ստացիոնարներում բուժում էր ստանում 108 հիվանդ, այդ թվում' 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը' մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում էր բավարար:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին հայտնեց, որ հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բարելավվում է, և ապաքինվածների 99 տոկոսն առանց առողջության համար որևէ հետագա խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից: Նա ընդգծեց, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները' թե՛ հիվանդանոցային, թե՛ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Լրագրողների հետ մեկ այլ զրույցում Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում հունվարի 20-ի դրությամբ գրանցվել է H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք: Նա հավելեց. «124 հղիներից 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝ այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»։

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկել է ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները։

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեսյբուքյան էջի միջոցով հայտնել է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

ԼՂ հակամարտություն

Նախորդ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը՝ ավելի քան 300 կրակոց, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակո րդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց: Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետել են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ Պաշտպանության բանակում 2015 թվականին գրանցված զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահերի թիվը (57) մահ՝ ըստ պատճառների: Դրանց հիմնական պատճառներն են հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն և այլ գործողություններ)' 38 մահ, ավտովթարը' 2, հիվանդությունը' 2, սպանությունը' 1, ինքնասպանությունը և ի նքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1:

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել հունվարի 19-ին տեղի ունեցած «Քաղաք ացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը և Հայաստանի անունից կոչ արել Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին' ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և ետ քաշել դիպուկահարներին, իսկ ՄԱԿ-ին՝ մերժել Մինսկի խմբի համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը։

 

Եվրախորհրդարանը իր լիարժեք աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին և համաեվրոպական այլ կառույցներին և միջազգային կազմակերպություններին կոչ արել համահունչ լինել համանախագահների հայտարարություններին:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել' կապված ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման փաստի հետ: Խոսքը վերաբերել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցի: Զեկույցներից մեկը, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26-ին:

 

Պերմյակովի դատավարություն


Գյումրիում հունվարի 18-ին շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը, որը հետաձգվեց մինչև հունվարի 22-ը: Դատական նիստի ընդմիջումից հետո դատավոր Հարություն Մովսիսյանը կրկին հարց ուղղեց մեղադրյալին' կապված դատական նիստը Գյումրիի ռուսական ռազմաբազայից ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու հետ: Եթե ընդմիջումից առաջ Պերմյակովը այս հարցին պատասխանել էր, որ «իր համար միեւնույն է», ապա ընդմիջո ւմից հետո նա նշեց, որ ռազմաբազայում «ինքն իրեն ավելի հարմար ու ապահով է զգում»: Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը' դատական նիստը ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու մասին:

 

Հունվարի 22-ի նիստն սկսվեց 30 րոպե ուշացումով։ Միջնորդություն ներկայացվեց վկաների հարցաքննության ընթացքում անջատել ուղիղ եթերի ձայնը: Միջնորդությունը բավարարվեց: Դատաքննական փուլի ընթացքում սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը: Առաջինը տուժողների իրավահաջորդների հարցաքննման փուլն էր, որի ժամանակ սպանության օրվա մանրամասները ներկայացրեց մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը' Ռիտա Պետրոսյանը: Սակայն, երբ վերջին ս պատմում էր, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը և ինչ է տեսել, երբ մտել է քրոջ բնակարան, հարազատներից շատերի ինքնազգացողությունը վատացավ: Անհրաժեշտություն եղավ հրավիրել շտապօգնության աշխատակիցներին: Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը, քանի որ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլում Ավետիսյանների դստրերը' Անահիտ Կոշտոյանն ու Լուսինե Ավետիսյանը, և փեսան' Եգոր Ադամյանը, ի վիճակի չէին մասնակցել հ արցաքննությանը:

 

Դինքի սպանության 9-րդ տարելից


Հրանտ Դինքի սպանությունն դրա հաջորդ օրն ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս» պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Այն բանից հետո, ինչ «Ակոս»-ում տպագրվեց հոդվածը Սաբիհա Գյոքչենի՝ Աթաթուրքի որդեգիր զավակի մասին, որում բացահայտում էր արվում, որ Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչուն՝ Սաբիհան իրականում հայուհի է, ավելին՝ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայուհի, որին որդեգրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, Դինքը սկսեց մեծ թվով սպառնալիքներ ստանալ ոչ միայն ազգայանական շրջանակների կողմից, այլև անգամ պետական պաշտոնյաներից: Նրա ընկերներն ու հարազատները շատ անգամ հորդորում էին մտավորականին սեփական անվտանգությունից ելնելով հեռանալ Թուրքիայից, սակայն փախչելը Դինքի համար չէր: Այսօր Թուրքիայում խաղաղասեր աղավնու համբավ վայելող Դինքը դարձել է խորհրդանիշը բոլոր նրանց, ովքեր սեփական ծագման, հայացքների ու գաղափարների համար երկրի ներսում շարունակում են հալածվել:

 

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կրկին հորդորել է արագ և թափանցիկ դատական գործընթաց ապահովել' բացահայտելու սպանության պատվիրատուներին:

 

«Հրանտի ընկերներ»-ն իրականացրին Ստամբուլում Դինքի հիշատակի արարողությունը, Երևանում հիշատակի միջոցառում անցկացվեց: Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը և «Հրանտ Դինք» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք անցկացրեցին՝ Երևանի փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու նպատակով: Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցը ոգեկոչվել է նրա ծննդավայրում' Մալաթիայում:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մերժել է Թուրքիայի մեջլիսում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության հետ կապված քննություն անցկացնելու պահանջը: Նման պահանջ մեջլիսին ներկայացրել էին Թուրքիայի խորհրդարանում 59 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը և Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը: Դինքի մահվան 9-րդ տարելիցի օրը մեջլիսում իշխող կուսակցության անդամները, ովքեր մեծամասնություն են կազմում Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, դեմ են քվեարկել առաջարկին, որն էլ մերժվել է:

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպման ընթացքում' հունվարի 21-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ: ՀՀ դեսպանը կիսեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի' հունվարի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտված ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելո ւ, ինչը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարևորությունը:

 

Սիրիա

Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆումիո Քիսիդան հայտարարել է, որ իր երկիրը մտադիր Է լրացուցիչ 350 մլն դոլար հատկացնել Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում իրադրությունը կայունացնելու համար: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել Էր, որ Տոկիոն 810 մլն դոլարի օգնություն կհատկացնի Սիրիայի եւ Իրաքի փախստականներին:

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել ավելի վաղ Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում գերեվարված 400 պատանդներից 270-ին: Հունվարի 17-ին տեղեկացվել Էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ավելի քան 400 մարդու պատանդ են վերցրել Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունից հետո: Ահաբեկիչները մարդկանց բռնել են արվարձանային թաղամասերում, ինչպես նաեւ քաղաքամերձ բնակավայրերում: Դեյր Էզ Զորում զինված ընդհարումների զոհ Է դարձել 335 մարդ։

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին «ԲՄ-21» հրթիռային կայանքով (Գրադ) երկու հրթիռ են արձակել Քեսաբի խաղաղ բնակչության վրա: Հրթիռներն արձակվել են թուրքական տարածքից' Քեսաբից 15-20 կմ հեռավորությունից: Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը' Քեսաբի հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետևի հատվածում: Կատարվածի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ, մեկ քեսաբցի վիրավորվել է, զոհեր չկան: Քեսաբի բնակիչները, հատկապես իրենց տան շրջակայքում խաղացող մանուկները մեծ ցնցում են ապրել։

 

Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի շարք գյուղեր, որոնց թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակչությունը զինյալ ահաբեկչական խմբավորումների պատճառով գյուղից արդեն 4 տարի է' հեռացել է: Նախքան սիրիական պատերազմը Ղնեմիե գեղատեսիլ գյուղում կազմակերպվում էին սիրիահայ միությունների տարեկան ճամբարներն ու արշավները: Իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հանդիպակաց կիրակին ուխտագնացություն էր կազմակերպվում դեպի Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցի: Այն մասամբ վնասվել է: Զինյալ խբավորումները իջեցրել էին եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը հրկիզված է, սակայն այն կանգուն է։ Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին:

 

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայի հակամարտությանը ռազմական լուծում տալու պատրաստակամության մասին, եթե քաղաքական լուծումն անհնար լինի: Սպասվում է, որ միջսիրիական բանակցությունները պետք է սկսվեն հունվարի 25-ին' Ժնևում: Մինչ այդ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան պետք է ավարտի խորհրդակցությունները հակամարտության բոլոր մասնակիցների հետ: