ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում:

 

Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

 

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ծիլքար-Արագած, Գյումրի- Բավրա հատվածները, Ջաջուռի լեռնանցքը, Ֆանտան-Ջրաբեր, Զանգեր-Գորհայք ճանապարհահատվածները:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

 

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

 

Տեղացած ձյունը բարդություններ է առաջացրել նաև Երևան քաղաքում: Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով: