Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում հակահայկական զեկույցների ներառումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում ուղիներ փնտրել և փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանն այդ զեկույցների պատրաստման գործում մեծ դեր է խաղացել, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ երկիրը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ չի ցանկանում գտնել: Նրանք հասկացել են, որ չեն կարող ռազմական ճանապարհով հարցը կարգավորել, ուստի փորձում են պատերազմ վարել այլ հարթակներում՝ ոչ պատերազմական մեթոդներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Իսկանդարյանը:

 

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն իր նպատակների համար օգտագործում է տարբեր հարթակներ, այդ թվում նաև ԵԽԽՎ-ն: «Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև ԵՄ հարթակը, ՄԱԿ-ի հարթակը՝ Հայաստանի նկատմամբ որևէ հաջողություն գրանցելու համար: Երբեմն դա նրանց մոտ ստացվում է, երբեմն էլ չի ստացվում»,- նշեց Իսկանդարյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որը նախաձեռնել է այդ խաղը, այս պահին արդեն գոյություն չունի: «Ադրբեջանն այս պահին լրիվ այլ պետություն է: Այդ երկրում շատ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ տարբեր հարթակներում հակահայկական քայլեր ձեռնարկելը, տարբեր զեկույցների ներառումն Ադրբեջանին չեն կարող օգնել Հայաստանի նկատմամբ հաջողություն գրանցել: Ադրբեջանը հիմա բոլորովին այլ պետություն է, և սա շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: