Մոսկվայի բորսայում հունվարի 25-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել է 1,12 ռուբլով և կազմել 79,14 ռուբլի՝ գերազանցելով 79 ռուբլու նշագիծը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Եվրոն թանկացել է 1,55 ռուբլով՝ մինչև 85,79 ռուբլի: Ընդ որում՝ վաղ առավոտյան դոլարի փոխարժեքն ընկել էր 1,63 ռուբլով՝ մինչև 76,39 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքն իջել էր 2,02 ռուբլով՝ մինչև 82,22 ռուբլի:

 

Ռուբլին սկսեց էժանանալ նավթի գնի անկումից հետո, որը կորցրել է ուրբաթ օրվա աճի կեսը: Լոնդոնի ICE բորսայում մարտի մատակարարման Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը հունվարի 25-ին ընկել է 4,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 30,8 դոլար: Հունվարի 22-ի սակարկությունների ընթացքում Brent-ի գինը բարձրացել էր բարելի դիմաց 32 դոլարի նշագծից: