Այսօր տեղեկացա, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության և նույնիսկ դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչ խոսք, առաջինն այս դեպքում պետք է լինի Տեր-Պետրոսյանին առողջություն, ապաքինում և վերադարձ մաղթելը՝ անկախ նրանից, թե որքան եմ քննադատում նրա քաղաքական գործունեությունը և ինչպես եմ գնահատում նրա քաղաքական ուղին:

 

Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդ սկզբունքով շարժվում, և արդեն իսկ համացանցում նկատելի են դառնում առաջին նախագահի հիվանդությամբ ուրախացողները: Սա, ըստ իս, ոչ միայն անմարդկային, մերժելի մոտեցում է, այլ նաև՝ անառողջ: Քանի դեռ մենք չենք կարողանում տարբերել քաղաքականն անձնականից և մարդու հետ գաղափարական տարաձայնությունները չենք կարողանում չվերածել անձնական ատելության՝ մեզ լիարժեք քաղաքակիրթ հասարակություն համարել չենք կարող: Նաև այս պարագայում չենք կարող ունենալ առողջ քաղաքական դաշտ՝ իր արդյունավետ գործընթացներով, քանի որ էմոցիանալ պոռթկումները գերազանցում են առողջ բանականության դրսևորումներին:

 

Եվս մեկ անգամ կցանկանայի կոչ անել ՀԱԿ առաջնորդի հանդեպ խիստ վատ տրամադրվածներին՝ քննադատեք նրա գործունեությունը, բայց մարդկային չէ ուրախանալն ուրիշի հիվանդությամբ: Առողջություն Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

Կարեն Վարդանյան