«Ըստ էության, արդեն ավարտին է մոտենում ընտրարշավը, այն ինչ-որ չափով մրցակցային էր, բայց լարված չէր, որը էապես տարբերվում էր նախորդ ընտրարշավներից: Սակայն իրավիճակը հատկապես լարվեց վերջին օրերին, երբ ՀՀԿ ղեկավար, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Նուբարաշենում հանդես եկավ հայտարարություններով, որոնք միտված էին լարվածություն ստեղծելուն: Պետք է նկատի ունենալ, որ այդ ձեւակերպումները հնչեցին անմիջապես Գյումրիում տեղի ունեցած ընտրարշավից հետո, որը ամենահագեցածն է եղել, ամբողջությաբ էներգետիկան լցված էր Րաֆֆիով, լեփ-լեցուն էին դահլիճները, եւ կարծում եմ, որ այն լարվածություն ստեղծեց նախագահի մոտ: Նա օգտագործեց «շուրթ ճաքել» բառը, որը հարիր չէ նախագահին»,- այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը' կարծիք է հայտնել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Որեւէ լարվածություն չկա Ղարաբաղում, եւ, ցավոք սրտի, ընտրարշավի ընթացքում Ղարաբաղի հարցը վերածվում է մանրադրամի»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանի պաստառը պատռելու փաստին' Ռուբեն Հակոբյանը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը այդ պաստառը հանել է, որովհետեւ այն օրենքով չնախատեսված վայրում է փակցված եղել: Նա պաստառը փակցրել է մեկ ուրիշ վայրում, բայց դեն չի նետել»:

Անդրադառնալով երեկ Աջափնյակ վարչական շրջանում կատարված միջադեպին' Ժառանգության ներկայացուցիչը ասել է. «Այսօր այդ միջադեպը ուսումնասիրման փուլում է գտնվում, ես այս պահին չեմ ուզում գնահատական տալ, սպասենք, մինչեւ ավարտվեն այդ ուսումնասիրությունները»:

ԳԱԼԱ-ի լրագրողը Ռուբեն Հակոբյանին հարցրել է նաեւ, թե հավաստի՞ են արդյոք ՀՀԿ գործիչների այն պնդումները, թե Ժառանգության ներկայացուցիչները եւս դռներ են թակում եւ քարոզչություն իրականացնում: Հիշեցնենք, որ նման տեսակետ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում արել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Էդ ճիշտ են արել, որ Գալուստ Սահակյանի դուռը թակել եւ քարոզել են, բայց փող չեն առաջարկել, չէ՞»,- կեսկատակ պատասխանեց Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ եթե նման կարծիք է հայտնել Գալուստ Սահակյանը, ապա այն առնվազն հումորի շարքից պետք է դիտարկել: «Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա միշտ ասում էին, որ ազատ, արդար ընտրություններ են լինելու, բայց անձնագրային տվյալների, փողի բաժանման մասին ահազանգեր կան: Չեմ կարող ասել, թե համատարած փող են բաժանում, բայց արդեն նկատվում է, որ տենդենց կա»,- անդրադառնալով ընտրախախտումներին'ասել է ԱԺ պատգամավորը:

Փայլակ Ֆահրադյան