Եթե խոսքը գնում է միջազգային քաղաքականության մասին, ապա անշահախնդիր բարեկամներ փնտրելն այստեղ ամենաանշնորհակալ գործն է, քանի որ դրանք գործնականում չեն լինում: Այլ հարց է, որ լինում են մեր հանդեպ համեմատաբար ավելի բարյացակամ տրամադրված երկրներ, կամ պետություններ, ում շահերն ու մեր շահերը որոշ տեղերում համընկնում են, և իհարկե, նաև հակառակը՝ պետություններ, որոնք բարյացակամ տրամադրված չեն մեր հանդեպ, ում շահերը համընկնում են մեր թշնամիների շահերի հետ: ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քվեարկությունը ցույց տվեց, թե «բարեկամ» կամ հարևան երկրները մեզ ինչպես են վերաբերվում:

 

Օրինակ, մեր հարևան և շատերի կողմից «բարեկամ» համարվող Վրաստանի 3 ներկայացուցիչներն էլ կողմ են քվեարկել 2 հակահայկական բանաձևերի ընդունմանը: Սա պետք է արդեն ինչ-որ բան ասի և սա առաջին դեպքը չէ, երբ զգալի է դառնում Վրաստանի թուրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշումը: Մեր հայրենակիցներից ոմանց համար հիացմունքի առարկա հանդիսացող Ուկրաինայի 10 ներկայացուցիչներից 9-ը կողմ են քվեարկել Միլիցա Մարկովիչի բանաձևին և միայն 1-ը՝ ձեռնպահ: Ուոլքերի բանաձևի քվեարկությանը մասնակցած Ուկրաինայի 4 ներկայացուցիչներից 4-ն էլ քվեարկել են բանաձևն ընդունելու օգտին: Այնինչ, մեր մի խումբ հայրենակիցներ պատրաստ են սուր, մինչև անգամ անձնական ատելության հասցնող բանավեճերի մեջ մտնել մեր այլ հայրենակիցների հետ՝ հանուն Ուկրաինայի: Չնայած որ, Ուկրաինայի իշխանական որոշ շրջանակաների ընդգծված հայատյացությունը նրանց համար նորություն չէ...

 

Ամբողջությամբ Ադրբեջանի օգտին են քվեարկել նաև Սերբիայի, Ալբանիայի և Մոլդովայի ներկայացուցիչները: Այստեղ անսպասելին երևի թե Սերբիայի վերաբերմունքն էր: Ոչինչ, մենք դա հետագայում նկատի կունենանք:

 

Նույն հաջողությամբ նաև պարզեցինք, որ Հայաստանի հանդեպ բավականին բարյացակամ են տրամադրված Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Լատվիան, Էստոնիան, Մոնակոն և մի քանի այլ երկրներ: Սա նույնպես պետք է նկատի ունենալ:

 

Իսկ ընդգծված «օտարասիրության» նշաններ դրսևորող մեր հայրենակիցներին սա թող ուղղակի դաս լինի, որ հանուն ոչ մի ուրիշ պետության կարիք չկա կուրծք ծեծել, միևնույն է՝ խոշոր հաշվով այդ պետությունները դա չեն գնահատի:

 

Կարեն Վարդանյան