Կոռուպցիայի հակազդման գծով Transparency International միջազգային շարժումը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» ամենամյա զեկույցը, որում 168 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցրել է 119-րդ տեղը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, հետազոտությունն անցկացվում է 21-րդ անգամ եւ անդրադարձնում է պետական հատվածում 0-ից (ամենաբարձր) մինչեւ 100 (ամենացածր) կոռուպցիայի տարածվածության աստիճանը:

 

 

Կազմակերպության ադրբեջանական ստորաբաժանումը նշում է, որ Ադրբեջանի գծով ցուցանիշները գործնականում մնացել են 2014 թվականին եղածները:

 

 

Ըստ ադրբեջանական ստորաբաժանման' վարկանիշում Ադրբեջանը շարունակում է մնալ վերջին տեղերում նավթի գների անկման պատճառով ցածր տնտեսական ցուցանիշներ ունենալու, ազգային արժույթի' մանաթի ոչ ճիշտ արժեզրկում անցկացնելու, բանկային հատվածի ոչ թափանցիկ լինելու հետեւանքով, որոնք վնաս են հասցրել բնակչության բարեկեցությանը:

 

 

Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Գուբադ Իբադօղլուի խոսքով' «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» երկրի դիրքերում առաջընթացի բացակայությունը խոսում է Ադրբեջանում կոռուպցիայի բացասական միտումների առկայության մասին:

 

 

«Անցկացված հարցումները ցույց են տալիս, որ տեղական բնակչության գրեթե 85 տոկոսը գտնում է, որ հենց կոռուպցիան է հանդիսանում երկրի զարգացման արգելակը: Հարցվածների 80 տոկոսը կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի կոռուպցիայի պայքարի գծով «Ապօրինի հարստացում» կոնվենցիայի Ադրբեջանի կողմից վավերացմանը, որը նախատեսում է քրեական պատիժ մտցնել այն դեպքում, եթե չինովնիկը չի կարող բացատրել ունեցվածք ձեռք բերելու համար իր վճարած միջոցների ծագումը», -նշել է նա:

 

 

Գործակալության կայքի ադրբեջանցի մի օգտատեր այդ առնչությամբ գրել է, որ գուցե ինչ-որ մեկը բացատրի, ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բառացի անողոք պայքար է հայտարարում կոռուպցիայի դեմ, բայց երկիրը (խորհրդարանն ու նախագահը) մինչ այժմ չի վավերացրել ՄԱԿ-ի «Ապօրինի հարստացման» պայմանագրի 20-րդ հոդվածը:

 

 

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» առաջին երեք տեղերը զբաղեցնում են Դանիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան: Վերջին երեք տեղերը զբաղեցնում են Սոմալին, Հյուսիսային Կորեան եւ Աֆղանստանը: