Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրատվամիջոցներից մեկի հետ խոսելով այս տարվա օգոստոսին ծրագրվող՝ էլեկտրաէներգիայի սակագնի համակարգային վերանայման մասին՝ ասել է, թե դեռ վաղ է խոսելն էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին: Այսպիսի ձևակերպումը ես, օրինակ, հասկացա որպես մեսիջ, որ իզուր հույսեր մի ունեցեք, սակագինը չի նվազելու: Բայց չէ՞ որ սակագինը բարձրացել էր կուտակված պարտքերը փակելու նպատակով, և խիստ տրամաբանական է, որ պարտքը մարելուց հետո այլևս բարձրացումը ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող և եթե այն չիջնի՝ կասկած չի մնա, որ գործ ունենք սովորական խաբեության ու թալանի հետ:

 

Այո, կարող են լինել նաև գործոններ, որոնք սակագները չիջեցնելու դեպքում՝ ՀԾԿՀ-ին առիթ կտան «հիմնավորելու» նման որոշումը: Խոսքը այնպիսի գործոնների մասին է, ինչպիսիք են սակավաջրությունը և այլն: Բայց տարին դեռ նոր է սկսվել և ոչ ոք չգիտի՝ սակավաջուր կլինի՞, թե՞ ոչ: Ռոբերտ Նազարյանն էլ չգիտի, բայց արդեն ասում է, թե կարող է այդպես լինել: Այստեղից նույնպես կարելի է ենթադրել, որ նա ուզում է, որ այդպես լինի կամ էլ պատրաստվում է ներկայացնել, որ այդպես է:

 

Շատ լավ կլինի, եթե ես սխալված լինեմ և այս մեղադրանքներս անհիմն դուրս գան, պարզապես ՀԾԿՀ-ի գործունեությունը, այդ կառույցի կողմից ժամանակ առ ժամանակ ընդունվող՝ ժողովրդի շահերին հակասող որոշումներն են ինձ հիմք տալիս նման եզրակացությունների հանգելու:

 

 

Կարեն Վարդանյան