Եգիպտոսի իրավապահ մարմիններն ու Ռուսաստանի հատուկ ծառայությունները համատեղ քննության ընթացքում հաստատել են մի քանի ահաբեկիչների ինքնությունը, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ռուսական A321 օդանավի ահաբեկչության կազմակերպման գործում: Ինչպես հասյտնի է դարձել LifeNews-ին, որոնման մեջ է գտնվում առնվազն վեց մարդ: Նրանց շարքում է նաև ահաբեկչության անմիջական իրականացնողը, ով օդանավ է անցկացրել պայթուցիկը:

 

Հաստատվել է, որ պայթուցիկ սարքն օդանավ է մտցրել Շարմ էլ-Շեյխ օդանավակայանի աշխատակիցը, ով դրանից որոշ ժամանակ առաջ էր աշխատանքի անցել օդանավակայանում: Ընդունելության հարցազրույցի ժամանակ հանցագործը ցանկացել է բեռնակրի աշխատանք կատարել: Արդյունքում նրան հանձնարարվել է զբաղվել ուղեբեռների բարձմամբ՝ թռիչքուղի մտնելու թույլտվությամբ:

 

Ռումբը, որ օդանավում պայթել է մոտ 9 կիլոմետր բարձրության վրա, գտնվելիս է եղել ուղեբեռների բաժնում: Հարկ է նշել, որ պայթուցիկ սարքը պայուսակի մեջ դրված չի եղել: Այն ունեցել է ոչ այնքան մեծ փաթեթի տեսք:

 

Պայթուցիկ սարքն օդանավ մտցնելուց հետո ահաբեկիչը լքել է իր աշխատանքի վայրն ու անհետացել օդանավակայանի տարածքից: Որոշ ժամանակ անց տղամարդը լքել է նաև Եգիպտոսը: Ինչպես հայտնում է LifNews-ը, նրան վերջին անգամ տեսել են Թուրքիայում: Նրա հետ մեկտեղ հատուկծառայությունը որոնում է նաև նրա 5 հանցակիցներին:

 

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321 օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին, Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսային հատվածում: Օդանավում 224 մարդ է գտնվել. ոչ ոք չի փրկվել: