ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ ֆեյսբուքյան գրառումներում վիրավորանքներ անելու համար պետք է քրեական պատասխանատվություն սահմանել: Այն, որ անձնական վիրավորանքը թե՛ սոցիալական ցանցում, թե՛ այլ հարթակներում անթույլատրելի պետք է լինի՝ կարծում եմ, անվիճելի հարց է, որովհետև անձնական վիրավորանքն, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի առողջ քննադատության հետ և առավել ևս ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ:

 

ՀՀԿ-կան պատգամավորի առաջարկը, սակայն, իրականում նորություն չէ, քանի որ այսօր առանց որևէ նոր օրենք ընդունելու էլ ցանկացած քաղաքացի սոցիալական ցանցում իր հասցեին հնչած անձնական վիրավորանքի կամ սպառնալիքի դեպքում՝ կարող է օրենքով սահմանված կարգով վերականգնել իր պատիվն ու արժանապատվությունը և վիրավորանքի դեպքում՝ վարչական, իսկ սպառնալիքի դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկել տալ վիրավորողին, մանավանդ որ նման նախադեպեր էլ եղել են:

 

Եվ ևս մի բան, որն իր առաջարկի մեջ չի նշել ՀՀԿ-ական պատգամավորը, չնայած արժեր, որ նշեր. եթե իսկապես պետք է վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանել, ապա արդարացի կլինի, որ դա արվի ոչ միայն Facebook-ում, այլ նաև ցանկացած այլ վիրտուալ և իրական հարթակում, որ դա վերաբերվի նաև այն պաշտոնյաներին և օլիգարխներին, որոնք քաղաքացիների հետ շփումների ժամանակ չեն հետևում իրենց բառապաշարին, այն պատգամավորներին, որոնք Ազգային ժողովի դահլիճը երբեմն շփոթում են իրենց բակի «բեսեդկայի» հետ:

 

Կարեն Վարդանյան