Սպիտակ տանը համաձայն են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցչի դիրքորոշմանը, ով հայտարարել է, որ ՌԴ նախագահը «կոռումպացված Է» : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, այդ մասին հունվարի 28-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

 

«Ֆինանսների նախարարության այդ գնահատականը լավագույնս է արտահայտում վարչակազմի տեսակետը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Բարաք Օբամայի վարչակազմը համամիտ է արդյոք ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցչի դիրքորոշմանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պլանավորում է արդյոք նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, Էռնեստը հայտարարել է, որ «պատժամիջոցներ սահմանելու պատասխանատվությունը ԱՄՆ-ի ֆիննախի վրա է»: Նա նաեւ հիշեցրել է, որ Վաշինգտոնը երբեք վաղօրոք չի հայտնում սահմանափակիչ միջոցներ կիրառելու իր պլանների մասին:

 

Այս շաբաթ ավելի վաղ BBC հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է հաղորդում, երի ընթացքում ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցիչ Ադամ Շուբինը «կոռումպացված» է անվանել Ռուսաստանի ղեկավարին:

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ֆիննախի մեկնաբանությունը պաշտոնական մեղադրանք է, որը ապացույցներ է պահանջում, բայց Մոսկվան դրանք չի պահանջելու:

 

«Մեր խնդիրը չէ՝ ապացույցներ պահանջել: Այժմ արդեն այդ գերատեսչության խնդիրն է՝ ներկայացնել ինչ-ինչ ապացույցներ եւ ցույց տալ, որ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները մերկապարանոց զրպարտանք չեն»,- հավելել է Պեսկովը: