Հասարակական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեակատարողական հիմնարկում որևէ բռնաճնշում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ես ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ և շատ լավ տեղեկացված եմ, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել: Ստուգումներ ենք անցկացրել, նրա նկատմամբ որևէ բռնաճնշում չի եղել: Որոշակի դժգոհություններ եղել են խցի հետ կապված, այնուհետև նրան այցելել են ստուգող խմբի անդամները, իրավապաշտպան կազմակերպություններ, զրուցել են նրա հետ: Այդ պահին նա ասել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Նա ասել է, որ եթե ամեն ինչ այդպես շարունակվի, ամեն ինչ լավ կլինի, և որքան ես հիմա տեղյակ եմ, որևէ դժգոհություն մինչ այս պահը չկա»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Հովհաննիսյանը հավելեց՝ երբ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է հացադուլ սկսելու մասին, նրան տեղափոխել են այն խուց, որտեղ այն անձինք են եղել, ովքեր ևս հացադուլի մեջ են եղել: Նախարարը նշեց, որ դա արվել է միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ մարդու իրավունքների խախտում է, երբ անձը հացադուլ է հայտարարում ու գտնվում է մի խցում, որտեղ մյուսները հացադուլ չեն անում: Դիտարկմանը, թե հացադուլի խցում քրեական տարրերը ճնշումներ են գործադրել նրա վրա, Արփինե Հովհաննսիյանը պատասխանեց. «Ոչ, այդ խցում նրա հետ եղել են միայն այն անձինք, ովքեր ևս հացադո ւլ են հայտարարել: Այլ որակումներից ես զերծ կմնամ և ևս մեկ անգամ կկրկնեմ, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որևէ ճնշում չի եղել»,- եզրափակեց նախարարը:

 

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է 2016թ. հունվարի 1-ի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Ազատության հրապարակում հունվարի 1-ի գիշերը միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամների միջև, որի հետևանքով բերման էին ենթարկվել մի խումբ ակտիվիստներ: Հետագայում ոստիկանությունը բաց թողեց ակտիվիստներին, իսկ Գևորգ Սաֆարյանին կալանավորելու որոշում կայացվեց՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: