2016-ը հոբելյանական տարի է մշակույթի մի շարք հայտնի գործիչների համար: Տարվա ընթացքում նշվելու են ոլորտի կարկառուն և սիրված ներկայացուցիչների հոբելյանները: ՀՀ մշակույթի նախարարությունն «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան' տրամադրել է տարվա հոբելյարների ցանկը:

 

Ըստ ցանկի'այս տարի նշվելու է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակը, ինչպես նաև ՀՀ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակը:

 

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի անունով է կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ:

 

Կնշվեն նաև ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 95-րդ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի, նկարիչ, քանդակագործ, արվեստաբան Վան Խաչատուրի (Վանիկ Խաչատրյան), «Մովսես Խորենացի» մեդալակիր, բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ Մետաքսեի, ՀՀ վաստակավոր արտիստուի, ջութակահար,երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Մետաքսյա Ս իմոնյանի 90-րդ հոբելյանները:

 

Այս տարի մշակութասերները կտոնեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի, ՀՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 85-ամյակը:

 

Տարին հոբելյանական է նաև ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի և ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի համար. նրանց ծննդյան 80-րդ հոբելյանն է նշվում:

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տոնում է ստեղծման 75-ամյակը: Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ 1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

 

75-րդ հոբելյանն են նշում նաև ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ,ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը, ՀՀ ժողովրդական արտիստ,դերասանուհի Ժենյա Ավետիսյանը:

 

ՀՀ ժողովրդական արտիստ դերասան, ռեժիսոր Արմեն Խանդիկյանն էլ նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը:

 

Կնշվեն կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Լուսիկյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 65-րդ տարեդարձները: