wrestling.am Սոֆիայի <Ունիվերսիադա> մարզահամալիրում հունվարի 28-ին մեկնարկած հունահռոմեական, ազատ և կանանց ըմբշամարտի Դան Կոլով-Նիկոլա Պետրով մրցաշարում երեկ կայացան 59, 75, 130 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշների մրցելույթները: Մեր ըմբիշներից մրցագորգ ելան Նարեկ Խաչատրյանն ու Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75) և գերծանր քաշային էդգար Խաչատրյանը: Հատկապես հաջող մրցելույթներ ունեցավ Չալյանը, ով մի քանի հաջող գոտեմարտերից հետո եզրափակչում 8:0 հաշվով պարտության մատնեց տանտերերի ներկայացուցիչ Իլիան Գիորգիևին: Չեմպիոնական տիտղոսին մոտ էր նաև Գևորգ Ղարիբյանը, սակայն վճռական գոտեմարտում հայ ըմբիշը պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին: Նարեկ Խաչատրյանն ու Էդգար Խաչատրյանը անմասն մնացին խաղարկվող մեդալներից: Այսօր հայ ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն Միհրան Հարությունյանը, ով այս անգամ հանդես կգա 71 կգ քաշային կարգում և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ վաղը՝ 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Տեղեկացնենք նաև, որ Հայաստանը այս մրցաշարում ներկայացված է միայն հունահռոմեական ոճի ըմբիշներով: