Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանն առաջարկում է խորհրդարանական լսումներ կազմակերպել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկած երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ: «Մենք պետք է մանրամասն քննարկենք ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը: Այդ խայտառակ բանաձևերից մեկն ընդունվել է վեհաժողովի կողմից, և մենք պետք է քննարկենք իրավիճակը, հասկանանք, թե որտեղ են մեր սխալներն ու բացթողումները: Սխալները բազմաթիվ են, ես պատրաստ եմ դրանց մասին խոսել: Ի՞նչն է խանգարում մեզ այս հարցի շուրջ լսումներ կազմակերպել և հասկանալ մեր սխալները»,- դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ընդգծեց Զուրաբյանը:

 

ԱԺ նախագահն էլ ընդգծեց, որ որևէ մեկը չի պատրաստվում մերժել թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկը: «Դուք կարող եք լսումներ հրավիրելու հարցով դիմել հանձնաժողովին, մենք էլ կգանք կմասնակցենք այդ լսումներին: Մենք այսպես թե այնպես քննարկելու ենք այդ հարցը, կարող ենք աշխատանքային քննարկումներ կազմակերպել մեր պատվիրակության մասնակցությամբ: Այնպես որ, ոչ ոք չի պատրաստվում մերժել ձեր առաջարկը»,- ընդգծեց ԱԺ նախագահը: